Ապրիլի 20-ին Արագածոտնի մարզի Ուշի համայնքում տեղի ունեցավ Սուրբ Սարգիս վանական համալիրի վերակառուցման օրհնության կարգը։ 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնության կարգ մատուցեց վերականգնման աշխատանքների առթիվ:

Խոսելով Սուրբ Սարգիս Վանական համալիրի վերակառուցման գաղափարի մասին՝ «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերության հիմնադիր, «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը նշեց.

«Մարդ, ով երբևէ եղել է Ուշիում և տեսել է այս սրբատեղին, վստահ եմ՝ անտարբեր չէր մնա։ Երբ առաջին անգամ տեսա երբեմնի այս փառահեղ կառույցը, ծանոթացա պատմությանը, հենց այդ պահին արդեն մտածում էի, որ պետք է անել հնարավոր ամեն բան այս համալիրը նորից կանգնուն տեսնելու։ Այն ոչ միայն կրոնական նշանակություն ունի, այլև եղել է կրթության ամրոց։ Պետք է փայփայենք և մեր ունեցած ժառանգությունը փոխանցենք մեր գալիք սերունդներին»։

Նշենք, որ վերակառուցման առաջին փուլով կիրականացվի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը։ Զուգահեռաբար տարվում են Գավթի վերականգնման նախագծային աշխատանքները։ Երրորդ փուլով էլ կվերականգնվի ամբողջ վանական համալիրի տարածքը՝ աշխարհիկ և հոգևոր կառույցներով։ Վերակառուցման աշխատանանքերի ճարտարապետներն են Սամվել Այվազյանն ու Ամիրան Բադիշյանը։

Վանական համալիրի վերակառուցումն իրականացվում է «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերությունների հիմնադիրներ, «Նոա»  ֆուտբոլային ակումբի սեփականատերեր Վարդանյան-Մկրտչյան ընտանիքների կողմից:

Սուրբ Սարգիս վանական համալիր

Ըստ «Յասմաւուրքի» հին ավանդության՝ 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը Պարսկաստանի Դաղման (Համիա) քաղաքից այստեղ է տեղափոխել և ամփոփել Սարգիս զորավարի նշխարները, որոնց վրա էլ կառուցվել է եկեղեցին:

Ուշիի վանքը հատկապես 13-րդ դարում հանդիսացել է խոշոր մշակութային կենտրոն։ 1827-ին Ուշիի Ս. Սարգիս վանքը երկրաշարժից ավերվել է։ 1999-ից Շահե արք. Աճեմյանի նախաձեռնությամբ սկսվել են վանական համալիրի պեղումները, որոնց ընթացքում բացվել են Ս. Աստվածածին եկեղեցին, սրահի, օժանդակ շինությունների ավերակները, հայտնաբերվել են մշակութային արժեք ներկայացնող հնագիտական նյութեր, խաչքարեր, դրամներ և այլն։ Այսօր վանքին կից փոքրիկ բազիլիկ եկեղեցին է միայն կանգուն, որն, ըստ արձանագրության, կառուցվել է 1203 թվականին, իսկ մյուս հատվածները խոնարհված են։

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել