168.am-ը գրում է.

«Ցավոք սրտի, Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով խոսել որևէ զարգացման մասին բանակցային գործընթացում՝ հնարավոր չէ: Եվ այսօր խոսել որևէ առաջընթացի մասին՝ անհնարին է: Մնացածն Ադրբեջանի ցանկությունն է, որ ինքը պարբերաբար` կա՛մ իր շուրթերով, կա՛մ այլ մարդկանց շուրթերով փորձում է հնչեցնել: Մենք դրան լուրջ էլ չենք վերաբերվում, որովհետև այդպիսի բան գոյություն չունի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` հերքելով ռուս փորձագետների հայտարությունները, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է 5 շրջանների վերադարձի մասին:

Ըստ նրա` պետք է միշտ գիտակցել, որ բանակցություններն ունեն երկու հարթություն, մեկը՝ ստեղծել հնարավորություն բանակցություններում առաջընթաց ապահովելու համար, մյուսը՝ բուն բանակցությունները, որոնք ուղղված են առաջընթացին: Շ.Քոչարյանի խոսքով, բնական է, որ ԵԱՀԿ նախագահներն ուղղակի հայտարարել են, որպեսզի բանակցությունների գործընթացում խոսվի առաջընթացի մասին, անհրաժեշտ է վստահություն, իսկ վստահությունը կայանում է նրանում, որ կողմերը չկրակեն: Այդ իսկ պատճառով, նշեց փոխնախարարը, խոսվել է հետաքննության ձևավորման մեխանիզմի ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մշտական խմբի առերեսման մասին:

Անդրադառնալով Բակո Սահակյանի` ԱՄՆ այցի մասին, Շ.Քոչարյանը նշեց, որ այցը շատ կարևոր էր, պետք է գիտակցել, որ Արցախի Հանրապետությունը դե ֆակտո կայացած պետություն է. «Ճիշտ է, միջազգայնորեն ճանաչված չէ, բայց ինքը վարում է իր արտաքին քաղաքականությունը, որը, իհարկե, սահմանափակ է միջազգային չճանաչման պատճառով, բայց ամեն դեպքում, այդ քաղաքականությունը վարվում է: Սա առաջին այցը չէ, երբ Արցախի ղեկավարության բարձր պաշտոնյաներ այցելում են տարբեր երկրներ, և դա միայն ողջունելի է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել