Ես հասարակության մեջ սեւ ու սպիտակի բաժանում չեմ դրել, քաղաքական ուժերի մեջ եմ դրել. Այն քաղաքական ուժերը, որոնք փորձել են 20 տարուց ավել քանդել, կողոպտել Հայաստանը, բնականաբար, այլ կերպ իրենց չես կարող անվանել: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հարցին՝ հիմա գալիս եք, որ ձեր դրած «սեւ ու սպիտակի» մոդելից հասարակությանը դո՞ւրս հանեք, նա պատասխանեց. «Իհարկե: Հայտնի խոսքն ասում է՝ ես իրեն ծնեցի, ես էլ կսպանեմ: Այստեղ խոսքն այն մասին է, որ այս պահին մենք բոլոր քաղաքական ուժերին առաջարկում ենք, որ պետք է միասնություն: Այն ուժերը կամ գործիչները, որոնք ապացուցել են, որ իրենք չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ, այսպես, թե այնպես, չենք համագործակցելու: Մենք համոզմունք ունենք, որ այդ մարդիկ չեն ուզում, որ Հայաստանը զարգանա, իրենք այդ ունակությունը չունեն: Եթե ունենային, իրենք ունեին բոլոր լծակները մեր պետությունը զարգացնելու համար, չեն արել»:

Ճշտող հարցին՝ ո՞ր ուժերին նկատի ունի, Մարությանն արձագանքեց. «Ով որ եղել է իշխանության, ով ապացուցել է իր իշխանության օրոք, որ ինքը ընդհանրապես չի մտածում պետության մասին, կամ մտածում է 3-րդ, 4-րդ տեղում, ավելի շատ մտածում է իր, իր թիմի հարստացման մասին, մենք այդ մարդկանց հետ ճանապարհ չունենք գնալու»:

Այսինքն չե՞ք համագործակցելու նախկին իշխանությունների հետ հարցին էլ, ասաց. «Վերանում ենք անհատներից»:

Այդուհանդերձ, Մարությանն ասաց, որ չի համագործակցի եւ չի միանա Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին. «Իրենք ստեղծել են համակարգ, որը քանդել է մեր պետությունը: Իրենք եղել են դրա ակունքներում, իրենք չեն կարող փոխվել»:

Նշենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել էր Երևանի քաղաքապետ, ապա 2021-ի դեկտեմբերին պաշտոնանկ էր արվել իր թիմի կողմից։ Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացն իշխող թիմը հիմնավորել էր նրա հետ քաղաքական խզմամբ։ Այս տարվա փետրվարի 7-ին էլ Երևանի ավագանին դադարեցրել էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով ավագանու անդամ դարձած Մարությանի լիազորությունները՝ բացակայություների հիմնավորմամբ։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:

«Նոր ուժ» կուսակցության գաղափարական հենքը սոցիալ-ռեֆորմիզմն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել