Եթե ստացվի այնպես, որ ԵԼՔ-ի առաջարկած ծրագիրը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, դրվի քվեարկության, շատ հետաքրքիր իրադարձություններ կարող են զարգանալ։ «Ծառուկյան» դաշինքում հայտարարել են, որ իրենց մոտ քննարկվում է այդ առաջարկը։ Սա, իհարկե, կարող է թվալ հերթապահ հայտարարություն, քանի որ, օրինակ, հանրապետականների մոտ էլ կարող են քննարկվել նման տարբերակներ։ Սակայն հարցն այն է, որ Հանրապետականը, պարզ է, մերժելու է այս նախագիծը։ Իշխանություն է, ու նույնիսկ այն մարդիկ, ովքեր կուսակցության մեջ ունեն Արևմուտքի հետ ավելի ինտենսիվ հարաբերություններ հաստատելու դիրքորոշում, հրաշալի հասկանում են, որ չեն կարող իրենց թույլ տալ քվեարկել այնպես, ինչպես իրենց խիղճն է թելադրում։ ՀՀԿ-ն կրում է պատասխանատվություն ու կքվեարկի միությունից դուրս գալու դեմ։ Այ, «Ծառուկյան» դաշինքում իրավիճակը փոքր-ինչ այլ է։ Իշխանություն նրանք չունեն, իրավիճակն էլ այնպիսին չէ, որ կարող են որոշումների վրա ազդել, սակայն կարող են ապահովել դեմ տեսակետի համար բավականին պատկառելի քվեարկություն։ Եվ սա միջազգային հարթակներում հատկապես ռուսական քաղաքական շրջանականերին ուղղված բավականին լուրջ հաղորդագրություն կարող է լինել։ Ճիշտ է, այստեղ էլ քիչ չեն մարդիկ, որոնք ռուսական բիզնեսի ու քաղաքական շրջանականների հետ շաղկապված են, սակայն դա չի նշանակում, որ նրանք կարող են աչք փակել դրա վրա։ Այնպես որ, բավականին հետաքրքիր քվեարկություն է սպասվում՝ անկախ դրա ելքից։ Դե, Դաշնակցության մասին չենք խոսում, կարծում ենք՝ նրանք կանեն այն, ինչ կորոշի կոալիցիոն գործընկերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել