Ինդոնեզիայի պետական լրատվական գործակալության՝ Antara-ի լրագրողները Հայաստան այցից հետո մի քանի հոդվածներով անդրադարձ են կատարել Հայաստանին, երկրի պատմամշակութային կոթողներին և տեսարժան վայրերին՝ ընդգծելով դրանց եզակիությունը և նշանակությունը աշխարհասփյուռ հայերի համար:

«Հայաստան, միլիոնավոր վանքերի երկիր» խորագրով հոդվածում հեղինակը ճանապարհորդական իր պատմությունը սկսել է հենց սկզբից, թե ինչպես Հովհաննես Ստեփանյան անունով մի զբոսավար օգնել է նրան բացահայտել Հայաստանը:

«Որպես առաջին նպատակակետ ընտրվել էր Երևանից հարավ գտնվող Խոր վիրապը՝ վանք և դամբարանային համալիր, որը կառուցվել է 17-րդ դարում: Խոր վիրապը, որը հայերենով նշանակում է զնդան, վանական համալիր է, որն ամենամոտն է տեղակայված թուրքական սահմանին»,- գրել է հեղինակը:

Նրան հատկապես տպավորել է Խոր վիրապից բացվող Արարատ լեռան հստակ տեսարանը, որը նա ներկայացրել է որպես Հայաստանի Հանրապետության խորհրդանիշ, չնայած Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում. «Բայց այդ օրը ամպերը ծածկել էին Արարատի գագաթները, որոնք մշտապես ծածկված են հավերժական ձնով»:

Խոր վիրապն ուխտագնացության վայր է, որտեղ հարգանքի տուրք են մատուցում Հայ առաքելական եկեղեցու առաջին առաջնորդ Գրիգոր Լուսավորչի հիշատակին: Նա կրոնական առաջնորդ էր, ով նպաստել է 301 թվականին Հայաստանում քրիստոնեության հաստատմանը՝ որպես պետական կրոն:

«Առաջին հայացքից վանքն ավելի շատ նման է բերդի, քան երկրպագության վայրի կառուցվածքի պատճառով՝ բարձր պատեր և չափազանց փոքր դուռ»:

Հեղինակի հաջորդ ուղղությունը Նորավանքն է եղել, որը նույնպես վանական համալիր է՝ կառուցված 13-րդ դարում:

«Ինձ պատմեցին, որ արձակուրդի ժամանակ հայկական ծագում ունեցող երեխաները՝ աշխարհի տարբեր ծայրերից («Արի տուն» ծրագրի մասին է) այցելում են իրենց նախնիների հող: Խոր վիրապը և Նորավանքը պարզապես հարյուրավոր վանքերից երկուսն են, որ կան Հայաստանում: Մյուս հուշարձանները, որոնք ոչ պակաս գեղեցիկ են, համալրում են Հայաստանի պատմական անցյալը՝ Գառնին, Գեղարդը, Էջմիածինը, Հաղպատը, Օձունը, Տաթևը և այլն: Այդ իսկ պատճառով Հայաստանը հաճախ անվանում են լեգենդ երկիր կամ թանգարան բաց երկնքի տակ»:

Որպես Հայաստանի տեսարժան վայրեր հեղինակը առանձնացրել է նաև Ծաղկաձորը և Սևանա լիճը:

Հայաստանում իսլամի հետքերով

Այս հոդվածում հեղինակն անդրադառնում է Կապույտ մզկիթին՝ նշելով, որ մզկիթի, փաստորեն, կարելի է հանդիպել ոչ միայն Թուրքիայում, այլև Հայաստանում:

«Հայաստանը, որն աշխարհագրական դիրքով տեղակայված է Ասիայում, սակայն մշակույթով ավելի շատ հարում Եվրոպային, իր պատմության մեջ ունեցել է ժամանակաշրջաններ, երբ եղել է մահմեդականների ազդեցության տակ: Երկիրը շրջապատված է մահմեդական մշակույթով, որովհետև երկրի արևմուտքում Թուրքիան է, հարավում՝ Իրանը, արևելքում՝ Ադրբեջանը, հյուսիսում՝ Վրաստանը»:

Հեղինակը ներկայացրել է, որ Երևանում գտնվող Կապույտ մզկիթը 7 մզկիթներից մեկն է, որ մնացել է կանգուն: Մյուս մզկիթները դադարել են գործել խորհրդային իշխանությունների օրոք և փոխել են գործառույթների շրջանակը:

«Ընդհանուր առմամբ՝ մոտ հիսուն ուխտագնաց կար մզկիթում պահքից դուրս գալու ժամանակ, և այդ թվից կարելի էր ենթադրել, որ մահմեդականներն իրոք փոքրամասնություն են Հայաստանում»,- պատմել է հեղինակը, ում մզկիթի աշխատակիցներից մեկն ասել էր, որ Հայաստանում կրոնական ազատությունը երաշխավորված է:
Մզկիթը, որը կառուցվել է 1765 թվականին, ունի 442 քմ աղոթատեղի: Այն ունի նաև գրադարան, ինչպես նաև 26 դասասենյակ: Մզկիթը ծառայում է նաև որպես պարսկերենի ուսուցման կենտրոն, պատկերասրահ:

Արարատ լեռը՝ հայկական ինքնության խորհրդանիշ

Հեղինակը գրում է. «Արարատ լեռը չի կարող առանձնացվել հայերի ամենօրյա կյանքից: Արարատի անունն են կրում Հայաստանի հյուրանոցները, ռեստորանները, ֆուտբոլային ակումբը, ընդհուպ ըմպելիքները և ծխախոտը: Հայաստանի ժողովրդի համար Արարատը խորհրդանիշ է և պետության ինքնությունը, որովհետև այն սուրբ լեռն է, որտեղ հանգրվանել է Նոյի տապանը, սակայն Արարատը, որի բարձրությունը հասնում է 5,165 մետրի, Հայաստանի տարածքում չէ, այլ Թուրքիայի»:

Հեղինակը գրում է, որ Արարատը, որը Թուրքիայի ամենաբարձր կետն է, իրականում հայկական տարածք էր համարվում մինչև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիան զավթեց տարածքը:

«Հայաստանի տարածքում չլինելով հանդերձ՝ այն Հայաստանի ինքնության անբաժան մասն է. և՛ պատմականորեն, և՛ մշակույթով այն պատկանում է Հայաստանին: Նախքան քրիստոնեության ընդունումը այն համարվել է «աստվածների տուն», ժամանակի ընթացքում այդ առասպելը հետզհետե վերացել է»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական Der Spiegel գերմանական պարբերականին տված հարցազրույցում նշել էր, որ Արարատը միշտ է լինելու ամեն հայի սրտում:

«Ոչ ոք չի կարող Արարատը խլել մեզանից, քանի որ մենք այն պահելու ենք մեր սրտերում. որտեղ էլ հայերը սփռված լինեն, դուք կգտնեք Արարատը նրանց տներում»,- ասել է նախագահը:

Հեղինակը հաստատում է, որ Արարատ լեռը հայերի խորհրդանիշն է, որովհետև լեռան ամենագեղեցիկ տեսարանը բացվում է հենց Հայաստանից, մասնավորապես՝ Խոր վիրապի վանքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել