«Սասնա ծռեր»-ի զինված խմբին իրավական գնահատական կարող են տալ միայն իրավապահ մարմինները: Իրավական գնահատական՝ հանցակազմի բացակայություն, առկայություն և այլն, իրավասու են տալ միայն այդ գործով զբաղվող դատաիրավական մարմինները, իսկ մնացածը պարզապես կարող են հայտնել իրենց տեսակետը կամ քաղաքական դիրքորոշումը: Ասենք, եթե քաղաքական գործիչը մերժում է «Սասնա ծռեր»-ի գործունեությունը, ապա չպետք է մտնի իրավական դաշտ ու առանց դատարանի վճռի, որոշման խոսի հանցակազմի առակայությունից, պարզապես պետք է դրսևորի քաղաքական կամք և ասի՝ չենք ընդունում պայքարի նման ձև: Ամեն ոք ազատ է իր կարծիքի մեջ, ամեն ոք ունի իրավունք հանդես գալու իր քաղաքական թիմի անունից, բայց միայն ու միայն քաղաքական հայտարարությունների համատեքստում, այլ ոչ դատաիրավական: Ես ինքս ավելի հակված եմ «Սասնա ծռեր»-ի այդ քայլին գնալու պատճառների պարզաբանմամբ, քան իրենց որակավորելու հերոսների կամ հանցագործների: Այդ խմբի գործունեությունը գալիս է ապացուցելու, որ Հայաստանում կա մի այնպիսի մթնոլորտ, որի համար մարդիկ կարող են գնալ ծայրահեղ քայլի, որպեսզի հասնեն իրենց պատկերացրած արդարությանը: Քաղաքական գործիչները հենց սրա մասին է, որ պետք է խոսեն, հենց սա պետք է դարձնեն քննարկման նյութ, երբ խոսք է գնում «Սասնա ծռեր»-ի մասին... 
Հ.Գ. Հայաստանում զենքով հարց լուծելը կործանարար ելք կունենա երկրի համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել