«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության «Էյբարի» հետ խաղում հրաժարվեց լքել դաշտը: Թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պլանավորում էր 76-րդ րոպեին փոխարինել հարձակվողին Մունիր Էլ-Խադադիով, սակայն Մեսսին չցանկացավ նստել պահեստայինների շարքում և մարզիչը ստիպված եղավ փոխարինել Նեյմարին: Հիշեցնեմ, որ տարիներ առաջ նույն «Բարսելոնայի» մեկ այլ մեգաաստղ` Ռոնալդինյոն, նույն իրավիճակում թեև փոխարինումից հետո լքեց մարզադաշտը, սակայն գլխավոր մարզիչ Ֆրենկ Ռայկարդի որոշմանն իր անհամաձայնությունը հայտնեց բռունցքով պահեստայինների նստարանի ապակուն հարվածելով ու հանդերձարան հեռանալով: Դրանից հետ նրանց հարաբերությունները լարվեցին, ինչն ազդեց Ռոնալդինյոյի խաղի որակի ու մակարդակի վրա և արդյունքում այդ միջադեպից կարճ ժամանակ անց նրա ֆուտբոլային կարիերան փաստացի ավարտվեց: Ասել է թե, Մեսսին դասեր չի քաղում նախկին թիմակցի սխալից և կրկնում է թիմային խաղի գաղափարին հակասող սխալը` չի ենթարկվում մարզչի որոշմանը` հավանաբար մտածելով, որ ինքն ավելի լավ գիտի, թե ինչ է պետք անել այդ պահին:
Իսկ ՀՀ ներքաղաքական դաշտում գրեթե նույն իրավիճակն է կրկնվում, սակայն այս դեպքում գլխավոր հերոսը նույնն է` համաժողովրդական շարժումների կնքահայր Լևոն Պապին: 2008 թվականին հրապարակում հավաքված ժողովուրդը պահանջում էր «Հիմա, հիմա», սակայն դրան հակառակ Լևոն Պապին փակվեց իր սև տանը` հասկացնելով, որ «Հետո, հետո»: 2014-ի հոկտեմբերին իբր եկավ այդ «Հետո»-ն ու ժողովուրդը կրկին հավաքվեց հրապարակում` հավատալով «ընդդիմադիրների» այն հավաստիացումներին, թե հարթակի օրակարգը որոշելու է ժողովուրդը: Ուտելով հերթական կուտը` ժողովուրդը կրկին հավաքվեց հրապարակում ու առաջ քաշեց նույն օրակարգը` «Հիմա, հիմա», սակայն այս անգամ ևս Լևոն Պապին իր բարձր գահից ավետեց, որ հարթակի օրակարգը որոշում են իրենք` եռյակ/քառյակի լիդերները, իսկ ժողովրդին այս ամենում վերապահված է «կատարողի» երկրորդական դերը:
Պատմությունը կրկնվելու վատ սովորություն ունի և պատժում է նախկին սխալներից դասեր չքաղածներին: Պետք չէ գուշակ լինել` հասկանալու համար, որ առաջիկայում թե Մեսսին է լքելու «Բարսելոնան» և հայտնվի Ճ կլասի լիգայում, թե Լևոն Պապին է կրկին գնալու իր սև տուն` հրապարակում թողնելով հուսալքված ժողովուրդ:
P.S. «Բարսելոնայի» ու ՀԱԿ-ի ֆանատներին խնդրում եմ չարձագանքել և զինվել համբերությամբ. ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել