Նախ, երբեմնի ծաղկուն մայրաքաղաքում ամեն մեկը սկսեց իր սրտի ուզածն անել և օր օրի բազմապատկվեցին անհնարին չարությունները:
Երկրորդ` նախանձն էր, որ ունեին միմյանց նկատմամբ` ընկերոջ առաջընթացի, թ’ե իմաստանալու, թ’ե ընթերցանության, թ’ե պճնվելու, թ’ե փառասիրության:
Երրորդ` առավել բարկությունն էր: Այնքան ինքնահաճ ու կամապաշտ էին դարձել, որ բնավ ուրիշներին չէին լսում. ո’չ ծերերին և ո’չ վարդապետներին, բայց միայն ամնե մարդ իր աչքին իմաստուն էր երևում:
Չորրորդ` ծուլությունն էր համակել բոլորին, քանզի առանց աղախինների ու ծառաների չէին մնում և հետիոտն եկեղեցի չէին գնում, ոմանք գրաստով էին գնում, ուրիշներն էլ գրաստից իջնել չէին ցանկանում, այլ ժահարին եկեղեցուց դուրս էին կանչում, Ավետարանը բարձրացնել տալով համբուրում և այդպես էլ նշխարը վերցնելով` գնում էին հանդեսների, թատրոն և ձիարշավարան:
Հինգերորդ` անչափ ագահությունը և ամենայն չարյաց արմատ` փողասիրությունը, քանզի այնքան ագահ էին, որ միմյանց բարիքն էին հափշտակում, նաև որբ և այրիներին էին գրկում. Ժառանգությունն ու կալվածք կորզում և իրենց վերցնում: 
Վեցերորդ` որկրամոլությամբ էլ էին շատ տարվել, քանզի երկիրը բարեբեր ու պարարտ էր: Խմում էին զանազան ծաղկաբույր գինիներ` երգ ու պարով, ուստի աղբյուրի պես բխում էին պոռնկության մեղքերը:
Յոթերորդ` անհիշատակելի անբարոյականությունը, մանավանդ` ազգապղծությունը, որ գույքի և հողի ժառանգության պատճառով (աղջիկ կամ տղա) օտարին չէին տալիս, այլ մերձավորներին` ըստ հին բարքերի:
Եվ նրանք պարծենում էին հազար և մեկ եկեղեցիներով` Աստծո համար բարեգործություն համարելով: Ահա այս պատճառով հպարտացան, անմտացան և ընկան կռապաշտության ու անձնապաշտության, ապա` անհավատության և անօրինության մեջ, որին հետևեց անզգամությունն ու լրբությունը և սրանց հետ նաև` լկտիությունն ու հայոյախոսությունը:Մինչև անգամ չէին լսում ու չէին հարգում Աստծո հոգածությամբ եկող վարդապետներին ու խրատատուներին:
Աստված կամենում է , որ ամեն ոք ապրի և գա դեպի ճշմարտության ճանաչումը:Եվ Հովհաննես վարդապետը Սուրբ հոգու ազդեցությամբ ելավ գնաց Անի` քարոզելու և խրատելու նրանց, որպեսզի դառնան մոլորությունից ու իրենց չար գործերից:
Հովհաննես վարդապետը ականատես լինելով տարաբնույթ չարագործությունների բարձրացավ մի բարձր բլրի վրա և անիծեց քաղաքը և ծունկի գալով ասաց ու կրկնեց. <<Տեր, այլևս երաշխավոր չեմ լինի (այս քաղաքի համար), այսուհետև ինչ որ կամենում ես , այնպես արա>>: Եվ ,հանկարծ, Աստծո սաստիկ բարկությունն իջավ ու սկսեց քաղաքը շարժել և պարիսպները տապալել: Այս տեսնելով, ամեն մարդ հապճեպորեն ամուր բռնելով ամեն մեկն իր ընտանիքի անդամների ու զավակների ձեռքերը, տարագիր դարձած հեռացան` թողնելով քաղաքը. և’ եկեղեցիները, և’ ոսկեզօծ պալատները, և’ իրենց ծաղկավետ դաշտերը:
Եզրափակիչ խոհեր
Գործած մեղքերի պատճառով այժմ երբեմնի ծաղկուն մայրաքաղաք Անին տեսնում ենք հեռվից` այն էլ հեռադիտակով… Իսկ մենք զարմանալի համառությամբ միայն զարմանում ենք ,թե կարող է լինել նաև նմանատիպ դաժանաբարո հատուցումներ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել