Առաջին անգամ հրեշի հետ պառկեցի, որովհետև հայրս նրա բոստանից ծաղիկ էր պոկել։ Այդ ժամանակ մտքովս էլ չէր անցնում, որ կարող է սիրեմ նրան, էլ չեմ ասում, թե կարող է նա կախարդած մարդ լինի։ Ու ես դեռ կարգին չսիրած՝ ողնաշարը կոր, գանգը մեծ, ուղեղը անծալ, տերևով փակեց ամոթատեղին ու թողեց-փախավ։
Երկրորդ անգամ հրեշի հետ պառկեցի, որովհետև սիրտս ուզեց բարի բան անել։ Նա այնպես մերժված էր, մենակ ու անսեր, որ մտածեցի՝ ինչ կա որ, հրեշ սիրելու փորձ արդեն ունեմ։ Ի՜նչ իմանայի, որ... Սա էլ կախարդված ագռավ էր. հազիվ էինք անկողին մտել, մեկ էլ թևերը թափահարեց ու թռավ-գնաց։
Երրորդ անգամ հրեշի հետ պառկեցի հավանաբար նախորդ երկուսի կարոտից։ Ինչքան չլինի, իմ հրեշներն էին։ Թեպետ ոչ իմն էին, ոչ էլ գոնե հրեշ։ Այս մեկն էլ նրանցից հետ չմնաց. պարզվեց՝ կախարդված ճագար է։ Դեռ կրծկալս չհանած՝ թափահարեց ականջներն ու անհետացավ թփուտներում։

Թե ինչու չորրորդ անգամ պառկեցի հրեշի հետ, չեմ կարողանում հասկանալ։ Միգուցե վրեժ լուծելու ցանկությունի՞ց... Թեպետ ի՞նչ վրեժ խեղճուկրակ մողեսից։ Բանը նույնիսկ անկողնուն չհասավ։ Զարմանահրաշ կերպարանափոխությունը կատարվեց մի համբույրից։ Ու ես էլի մնացի անհրեշ։
Որոշեցի այլևս երբեք չպառկել հրեշների հետ՝ մի բան, որն իրագործելը կարծես թե մեծ ջանքեր չի պահանջում։ Բայց պարզվեց, որ սովորության ուժը հզոր է։ Բանը գուցե սովորությունն էլ չի։ Չգիտեմ։ Ով որ կարող է բացատրել հրեշայնության հանդեպ իմ հակման առեղծվածը, նրան պարգև եմ խոստանում։ Ինձ համար դա անլուծելի հանելուկ է։
Հետո ես պառկեցի բազմաթիվ հրեշների հետ, որոնց մեծ մասը մարդ դարձավ, մի մասը շուն ու կատու, շատերը աքլորացան, ոմանք էշացան, եղան այծեր, ոչխարներ, խոզեր, ծովախոզուկներ, կրիաներ, թութակներ, աղավնիներ, չղջիկներ, մկներ, առնետներ, խլուրդներ... և այլն։ Մեկը նույնիսկ վերածվեց դդումի։ Եվ այս հրեշաշատ աշխարհում ինձ այդպես էլ չհաջողվեց մի իսկական հրեշ ձեռք գցել՝ չկախարդված, չկերպարանափոխվող և անբուժելի այլանդակ։
Վերջին անգամ հրեշի հետ պառկել եմ մի ամիս առաջ։ Երբ սիրունիկ արքայազնների խմբի մեջ նկատեցի նրա կարմիր աչքերը, անլվա բուրդը, երկարած ճիրանների տակ հավաքված կեղտը, ինձ հերթական անգամ թվաց, թե վերջապես գտել եմ նրան։ Բայց... Սեփական բախտից չես փախչի։
Նոր-նոր սկսել էի հևալ հաճույքից, մեկ էլ տեսնեմ՝ ազդրերիս արանքում ձուկ է թպրտում... Բերանը բացուխուփ է անում և, ա՜յ քեզ հրաշք, խոսում է մարդկային լեզվով. «Ինձ ջուրը գցի, ես ոսկե ձկնիկն եմ, ինչ ուզես, կանեմ»։ Ասում եմ՝ տխմա՛ր ձուկ, կարո՞ղ ես ինձ մի իսկական հրեշի տեղ ասել։ Թե. «Չեմ կարող, բոլոր հրեշները կախարդված են, հայտնի բան է...»։ Այդ դեպքում, ասում եմ, սատկի՛ր։ Սարսափած գոռում է. «Չէ, չէ, միայն ոչ դա, սիրի՛ր ինձ, աղաչում եմ...»։ Մռնչում է և աչքիս առաջ աչքերը դարձյալ կարմրում են, ճիրանները երկարում...
Քիչ էր մնում էլի նետվեմ գիրկը, մեկ էլ հասկացա՝ անիմաստ է, էլի ձուկ կդառնա։ Ասացի՝ մնաս բարով, ոսկե ձկնիկ, ինձ հրեշներն այլևս չեն հուզում։ Ու գնացի։
Հետո նա իր պարտեզի բոլոր ծաղիկները պռճոկեց ինձ համար։ Հետո սկսեց հարևան պարտեզներից գողություն անել։ Ավելի հետո քաղաքում ծաղիկ չթողեց։ Մի օր էլ բռնեցին։ Քիչ էր մնում սիրեմ, բայց գիտեմ՝ հենց սիրեմ, ձուկ է դառնալու։ Իսկ այսպես գոնե...
Թեպետ ի՞նձ ինչ։ Ես որոշել եմ վերջ տալ այս հրեշավոր պատմությանը։ Այս անգամ հաստատ։ Ինձ հրեշներն այլևս չեն հուզում։ Իսկապես։ Բացարձակ։ Ազնիվ խոսք։  Ես հավատում եմ իմ ասածին։ Ես համոզված եմ։ Կարող եմ երդվել։ Իմ արև։ Թեպետ... Ոչ մի թեպետ։ Վերջ։ Քիչ էր մնում մոռանամ... Վեր-ջա-կետ։ Ամեն դեպքում, ով որ հրեշի տեղ գիտի... Թո՜ւ...

2000 թիվ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել