Մանկության գունագեղ մոլորակը՝ լուսանկարիչ Ելենա Կարագիզովայի աչքերով (23 Photo)


15:35 , 28 հունվար, 2014

Նախկինում մենք ձեր ուշադրությանն էինք ներկայացրել  Տատյանա ՏոմսիչկովայիՄեգ ԲիթոնիՍասիքումար Ռամչանդրանի և Թոմաս Թեմ Ջու Քիթի լուսանկարները, որոնցում պատկերված են հրաշալի մանուկներ: Այս անգամ որոշեցինք ներկայացնել մանուկների լուսանկարիչ Ելենա Կարագիզովայի լուսանկարների շարքը: Ստորև կարող եք ընթերցել նաև Կարագիզովայի հետ անցկացված հարցազրույցներից մեկը: 

-Մի քանի բառով պատմեք ձեր մասին:

-Ես Բուլղարիայից եմ: Ես երեք հրաշալի աղջիկների մայր եմ, և հենց նրանց շնորհիվ էլ բացահայտել եմ լուսանկարչության սքանչելի աշխարհը: Ներկայումս լուսանկարչությունը կենսակերպ է դարձել ինձ համար: Դրա միջոցով ես այլ կերպ եմ տեսնում աշխարհը: Ես կարողանում եմ իմ ստեղծագործություններում պատկերել անտեսանելին և ներկայացնել իմ երեխաների էմոցիաները և խառնվածքը: Լուսանկարչության միջոցով ես ինքնաարտահայտվում եմ: Ինձ թվում է, որ մի վայրկյան անգամ չեմ կարողանա ապրել, եթե դադարեմ լուսանկարչությամբ զբաղվել: Ինձ մոտ ամեն օր նորանոր գաղափարներ են ծնվում, որոնք ես կիրառում եմ իմ լուսանկարչական աշխատանքներում: Ես կարողանում եմ համատեղել իմ երեխաների խնամքը իմ սիրած զբաղմունքի հետ:   

-Ի՞նչն է ձեզ համար ներշնչանքի աղբյուր ծառայում և դրդում լուսանկարել այս սքանչելի երեխաներին:

-Ես կարող եմ ներշնչվել ցանկացած բանից՝ արևի ճառագայթներից, բնությունից, սակայն անկեղծ ասած, իմ գերագույն ներշնչանքը երեխաներն են: Երեխաները ամենաանմեղ արարածներն են: Նրանք այնքան դրական էներգիա ունեն: Ես հենց դա էլ փորձում եմ արտացոլել իմ լուսանկարներում:

-Ինչպե՞ս է ձեզ հաջողվում ստեղծել այսպիսի սքանչելի լուսանկարներ: Ի՞նչ խոչընդոտների եք բախվում ձեր աշխատանքում:

-Իմ ամենահաջողված լուսանկարներում պատկերված է իմ միջնեկ աղջիկը: Ինձ համար նրա հետ աշխատելը շատ հեշտ է: Ես որևէ դժվարության չեմ բախվում նրան լուսանկարելիս: Նա սիրում է աշխատել ֆոտոխցիկի հետ և համարում է, որ դա շատ զվարճալի է: Օրինակ, երբ մենք գնում ենք գեղեցիկ մարգագետնի մոտ ֆոտոսեսիա իրականացնելու, նրա տրամադրությունն անմիջապես փոխվում է: Նա սկսում է ուրախ խաղալ, և ինձ մնում է միայն արտացոլել նրա էմոցիաներն իմ լուսանկարներում: Անշուշտ, իմ աշխատանքն այնպիսին է, որ հաճախ հարկ է լինում վերամշակման ենթարկել լուսանկարները, և երբեմն ամիսների աշխատանք է պահանջվում իմ ցանկացած արդյունքին հասնելու համար:

-Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ մեր ընթերցողներին և սկսնակ լուսանկարիչներին:

Ես սիրում եմ դիտել անցյալի հայտնի նկարիչների նկարները: Ես այդ կերպ եմ սովորում: Ես խորհուրդ կտամ ընթերցողներին սովորել՝ ուսումնասիրելով ուրիշների աշխատանքները, և ամեն ինչ սրտանց անել, որովհետև երբ դու սիրով ես կատարում քո աշխատանքը, ավելի լավ արդյունքի ես հասնում: Ամենակարևորը, պետք է դասեր քաղել սեփական սխալներից: