1in.am-ը գրում է.
Երեկ իր պաշտոնական կայքում Բրիթնի Սփիրսը ցուցադրել է նոր` Britney Jean ալբոմի շապիկը:
Սև-սպիտակ լուսանկարում երևում է, որ երգչուհին մերկ է, սակայն մազերի փունջը և ձեռքը թույլ չեն տալիս ոչ մի ավելորդ բան տեսնել: Բրիթնին նայում է ուղիղ տեսախցիկին, իսկ նրա առջև ալբոմի անվանումն է` կապտավարդագույն սրտիկի տեսքով:
Բացի այդ, 31-ամյա երգչուհին նամակ է գրել իր երկրպագուներին. «Սիրելիներս, ես ձեզ չեմ դիմել բավականին երկար ժամանակ: Մենք սովորել ենք մեր մտքերն արտահայտել Twitter-ում` 140 նշանի օգնությամբ, սակայն երբեմն շատ եմ ցանկանում հանգիստ նստել և իմաստալից ու ծավալուն մի բան գրել: Որևէ անձնական մի բան` հոգու խորքից: Մի քանի օր է մնացել նոր ալբոմի վրա աշխատանքներս ավարտին հասցնելուն, և ես շատ եմ ցանկանում լսել ձեր կարծիքը երգերի վերաբերյալ:
Britney Jean-ն իմ կյանքի ուղու հսկայական հատվածներից է: Ես ինքս իմ մասին շատ նոր բան եմ իմացել: Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցել են ինձ վերջին 15 տարվա ընթացքում: Կրկնվում եմ, սակայն դա իմ ողջ կարիերայի ընթացքում ամենաանձնական և բաց աշխատանքն է»:
Հետո Բրիթնին շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն աշխատանքի ընթացքում: Նամակի վերջում նա հավելում է. «Եվ, իհարկե, ձեզ անակնկալներ են սպասվում: Ես շատ էի ցանկանում, որպեսզի դուք տեսնեք Բրիթնի Սփիրսի տարբեր կողմերը: Ես երգչուհի եմ: Ես մայր եմ: Ես զվարճալի եմ: Ես ձեր ընկերն եմ: Ես Բրիթնի Ջինն եմ»:

