1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենին՝ առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլումի, փոխքաղաքապետ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Դոմինիկ Վլաստոյի, փոխքաղաքապետեր Մարի-Լուիզ Լոտայի և Դիդիե Պարաքյանի, Մարսելի 13-14 շրջանների թաղապետ Կարո Հովսեփյանի, քաղաքապետարանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ։ 

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի նկատմամբ, որը պայմանավորված է երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական ամուր կապերով և այսօր գոյություն ունեցող սերտ միջպետական համագործակցությամբ:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց հայ-ֆրանսիական բազմաբովանդակ համագործակցության զարգացումը` մասնավորապես ընդգծելով քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, ապակենտրոնացված փոխգործակցության ոլորտներում նշանակալի ձեռքբերումները:

Կողմերն անդրադարձել են տաս օր առաջ Վալանսում կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի արդյունքներին` նշելով, որ նման միջոցառումների պարբերականությունը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին:

Զրուցակիցները կարևորել են նաև միջպետական հարաբերությունների զարգացման գործում ֆրանսահայ համայնքի կարևոր ներդրումը: Այս կապակցությամբ Ժան-Կլոդ Գոդենը ընդգծել է ֆրանսահայերի դերը Ֆրանսիայի և Մարսելի զարգացման գործում: 

Էդվարդ Նալբանդյանն ու Ժան-Կլոդ Գոդենը, գոհունակություն հայտնելով Երևանի և Մարսելի միջև ակտիվ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծել են, որ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը մեծապես նպաստում է ամենատարբեր բնագավառներում փոխգործակցության ընդլայնմանը և կապերի խորացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել