1in.am-ը գրում է.

«Վաղուց տեսանելի էր, որ հատկապես Ղազախստանի նախագահի մոտեցումները զգալիորեն տարբերվում են ՌԴ նախագահի մոտեցումներից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂ նախկին արտգործնախարար, քաղաքական վերլուծաբան Արման Մելիքյանը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այն հայտարարությանը, թե Թուրքիան ևս պետք է անդամակցի Մաքսային միությանը: 

Մեր զրուցակցի խոսքով՝ եթե Ռուսաստանի համար Մաքսային Միությունը նախկին ԽՍՀՄ տարածքի մի զգալի մասում իր ռազմաքաղաքական ազդեցությունն ամրագրող տնտեսական գործիք է, ապա Ղազախստանն այդ կազմակերպությունը դիտարկում է բացառապես միջպետական տնտեսական համագործակցության արդյունավետությունն ավելացնելու տեսանկյունից և չի ցանկանում, որ Ռուսաստանն անհարկի լրացուցիչ քաղաքական և ռազմաքաղաքական առավելություններ ձեռք բերի այլ անդամ-պետությունների ինքնիշխանության սահմանափակման հաշվին: 

«Սա նշանակում է, որ կազմակերպության նոր անդամների թեկնածությունները դիտարկելիս Ռուսաստանը նախապատվությունը տալու է իրեն հնազանդ և հավատարիմ սակավաթիվ երկրներին, իսկ Ղազախստանը կնախընտրի, որ Մաքսային միության մեջ լինեն տնտեսական և ռազմական առումով բավականաչափ ուժեղ հնարավորինս շատ պետություններ, որոնք ունակ կլինեն հակակշիռ լինել Ռուսաստանին և զսպել նրա քաղաքական ախորժակները»: 

Հարցին՝ ի՞նչ կարծիքի է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարության կապակցությամբ, թե Հայաստանը մոտ ապագայում չի կարող անդամակցել Մաքսային միությանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բելառուսի նախագահի տեսակետներին չարժե առանձին գնահատական տալ. իմ կարծիքով՝ դրանք ոչ այնքան հակահայկական տրամադրությունների արտացոլում են, որքան թյուրքական աշխարհին հաճոյանալու նպատակ են հետապնդում»:

Մեր զրուցակիցը մտահոգություն հայտնեց, որ այս ամենը տեղի է ունենում շատ ավելի լուրջ և հեռու գնացող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, և ո´չ Ռուսաստանը, ո´չ էլ Ղազախստանը կամ Բելառուսը ունակ չեն դրանք վերահսկելու կամ ուղղորդելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել