Hraparak.am-ը գրում է.
«Եկեք կանխենք գազի սակագինը» նախաձեռնող խումբը, անօրինական համարելով գազի գնի թանկացումը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեմ հայցով առաջին անգամ վարչական դատարան էր դիմել դեռ հուլիսի 15-ին, երկրորդ անգամ՝ հուլիսի 31-ին, իսկ դատարանը հայցը համառորեն վերադարձնում էր՝ առանց վարույթ ընդունելու: Երրորդ անգամ օգոստոսի 16-ին հայցով դիմեցին դատարան, որն ուղեկցվում էր բողոքի ակցիայով, որ գոնե այդ անգամ հայցն ընդունեն վարույթ: Վերջապես վարչական դատարանն ընդունեց հայցը, բայց դատական նիստի օրը դեռ նշանակված չէր:
«Դատական պրոցեսը գնում է, մենք ամսի 15-ին նամակ ստացանք դատարանից, որ գրավոր ընթացակարգով են լսելու այդ հարցը, այսինքն՝ փակ. իրենք գրավոր գրելու են մեզ, մենք գրավոր պատասխանելու ենք իրենց: Հիմք են ընդունում, որ հարցը հասարակական հնչեղություն չի ստացել, ընդամենը մի 5 հոգու պահանջ է, այդ պատճառով իրենք ցանկություն ունեն գրավոր ընթացակարգով վարելու: Իսկ եթե մի քանի հազար մարդ լիներ եւ պահանջեր, այդ դեպքում դատարանը պարտավոր կլիներ բանավոր ընթացակարգով լսել հարցը»,- տեղեկացնում է «Եկեք կանխենք գազի սակագինը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Կաղինյանը:
Իսկ վարչապետի այն հայտարարությունը, թե դեռ գազի թանկացման պայմանագիր կնքված չէ, արդյո՞ք հիմք չի տալիս դատարանին, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշումը՝ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ, անօրինական ճանաչի: «Ես խոսել եմ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ, ասաց, որ իրեն տրամադրել են այդ պայմանագրի հավելվածը, թույլտվություն ունի բովանդակությունը հրապարակել, բայց փաստաթուղթը չի կարող, քանի որ կնիք եւ ստորագրություն կա: Բայց մի հետաքրքիր բան նշեց, որ դա 2008թ. պայմանագրի հավելվածն է, որտեղ գրված է, թե գազի գինը սահմանի վրա 270 դոլար է, երբ 30 տոկոսը հանում են, դառնում է 189 դոլար: Մենք նամակներ հղեցինք ՀԾԿՀ-ին եւ կառավարությանը՝ պայմանագիրն ստանալու համար, ՀԾԿՀ-ն պատասխանեց, որ գաղտնիություն է պարունակում, եւ չեն կարող մեզ տրամադրել, իսկ վարչապետը նամակն ուղարկել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, սպասում ենք պատասխանին: Իսկ մեզ այդ փաստաթուղթը պետք է դատարան ներկայացնելու համար»,- շարունակում է Կաղինյանը:
Թե նախաձեռնող խումբն ինչ ակնկալիք ունի դատարանից, Կաղինյանը մեկնաբանեց. «Գրավոր ընթացակարգը հետեւյալ կերպ է, որ 4 ամսվա ընթացքում, ինչպես վարչական օրենսդրության մեջ է գրված, իրենք կարող են լսել հայցը: Այդ ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 21-ին, քանի որ օգոստոսի 21-ին են հայցը վերցրել: Եթե ժողովուրդը ոտքի չկանգնի, չընդվզի, ստացվում է, որ դատարանը ճիշտ է, թե հարցը հանրային հնչեղություն չի ստանում: Բոլորը բողոքում են, բայց իրենց տներում նստած են: Հաշվի առնելով ՀՀ արդարադատության կախյալ վիճակը, իհարկե, մեծ ակնկալիք չունենք, եթե հանրային ճնշում չլինի: Բայց այստեղ այնքան գազի խնդիրը չէ, որքան էլեկտրաէներգիայի, քանի որ գազի անվան տակ մեզ հրամցրին թանկացված էլեկտրաէներգիա, այդպես էլ գաղտնի ու անհասկանալի մնաց, թե ինչու թանկացավ էլեկտրաէներգիան»:



