Հունիսի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ իրենց վարչական տարածքում գտնվող գյուղերից մեկի մանկապարտեզում դաստիարակը երեխաների բերանները կպչուն ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել։

Երեխաները դեպքից 3 օր հետո տեղեկացրել են իրենց ծնողներին, ովքեր բողոք են ներկայացրել, սակայն մանկապարտեզի տնօրենը հայտնել է, որ «ինչ ուզում եք արեք, այդ մանկավարժին չեմ հեռացնելու»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի և բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ հունիսի 18-ին այդ գյուղում գործող մանկապարտեզի 31-ամյա դաստիարակը ստեղծել է խաղային իրավիճակ, որի ընթացքում օգտագործվել է կպչուն ժապավեն․ նա սկզբում որպես օրինակ այն փակցրել է իր բերանին, այնուհետև՝ մանկապարտեզի թվով երեք 5-ամյա սաների բերաններին՝ կպչուն ժապավենի վրա ուրախ և տխուր դեմքեր նկարելու նպատակով։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել