Վեդիի հիվանդանոցի ՔՊ-ական տնօրեն Արամայիս Գրիգորյանի գործը գնացել է դատարան, քննվելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում։ ԲԿ տնօրենը Վեդիի ավագանու անդամ էր եւ Վեդիի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի մտերիմ ընկերը։

Արամայիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն եղած ժամանակ (2019-2026 թթ.) ծառայողական լիազորություններն օգտագործելով եւ գլխավոր հաշվապահ Արմինե Սիմոնյանի օժանդակությամբ 2023-2026 թվականներին կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 185 մլն 971 հազար 917 դրամի գույքի հափշտակություն։ Առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության հոդվածով քրեական գործ է հարուցվել դեռ փետրվարի 17-ին, սակայն մինչեւ հանրային աղմուկը, ՔՊ-ականը դատավարական կարգավիճակ չի ունեցել։ Արամայիս Գրիգորյանը ԲԿ-ին պատկանող մոտ 186 միլիոն դրամը «կրվել է» օնլայն կազինոյում։

Գրիգորյանի պաշտպան Ռոլանդ Ավոյանը «Հրապարակ»-ին ասաց, որ իր պաշտպանյալն ընդունում է մեղադրանքը, վերջինս անձամբ դիմել է դատախազություն եւ պատմել, թե ինչ է արել․ «Ոչ միայն մեղադրանքն ընդունում է, այլ նաեւ ինքը մեղայականով հայտնել է դեպքի մասին, քրեական վարույթը նախաձեռնվել է իր իսկ հաղորդման հիման վրա, այսինքն՝ իրավապահներին այդ տեղեկատվությունը հասու է դարձվել հենց իմ վստահորդի կողմից գլխավոր դատախազին ներկայացված մեղայական հաղորդման հիման վրա։ Այս խնդրի մասին թե՛ իրավապահները, թե՛ լրագրողները իմացել են, երբ իմ վստահորդը գլխավոր դատախազին ներկայացրել է հաղորդում»։ Այսինքն, պարտավորվե՞լ է գումարը վերադարձնել։ Փաստաբանն ասաց՝ հարազատների աջակցությամբ 115 միլիոն դրամ արդեն վերադարձրել է․ «Այդ գումարի մեծ մասը՝ 115-ն արդեն իսկ վերականգնված է։ Մնացած մասով ակնկալվում է, որ ինքը պետք է աշխատի եւ պարբերաբար այդ գումարը վերականգնի, այսինքն՝ ավելին չունի։ Այս պահին չի աշխատում, քանի որ խափանման միջոցը կալանքն էր ընտրված, հետո՝ տնային կալանքը, եւ ընդամենը վերջերս է, որ վարչական հսկողությամբ է փոխարինվել տնային կալանքը։ Այսինքն՝ ինքը հնարավորություն չուներ էլ այդ խափանման միջոցների պայմաններում աշխատելու։ Տեղյակ եմ, որ նպատակադրված է՝ աշխատելու իր մասնագիտությամբ, քանի որ բժիշկ է»։ Իսկ ինչպե՞ս է ընթանալու դատավարությունը` արագացված նիստե՞ր են լինելու՝ հաշտության վարույթով։ «Որեւէ նիստ տեղի չի ունեցել, առաջիկա նիստում բոլոր հարցերը կքննարկվեն թե՛ վստահորդի, թե՛ հանրային մեղադրողի հետ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել