Lragir.am-ը գրում է.
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ավարտվեց պաշտպանության նախարարության համակարգի մի շարք զինծառայողների դեմ քրեական գործով դատաքննությունը:
ՀՀ ՊՆ N զորամասի ուսումնական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սուրեն Մկրտչյանը ընդունեց 5 դրվագով կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով խարդախության և մեկ դրվագով՝ այդպիսի փորձ կատարելու իրեն առաջադրված մեղադրանքը (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետեր, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետեր): Ս.Մկրտչյանի կողմից կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ հափշտակված ու սեփական կարիքների համար ծախսված գումարը կազմել է համապատասխանաբար՝ 6000, 1500, 5000, 3000 և 2000 դոլար, իսկ կաշառք ստանալու պատրվակով 2500 դոլարի հափշտակությունը կանխվել է իրավապահ մարմինների կողմից: Կաշառք ստանալու պատրվակով գումարները հափշտակվում էին սահմանամերձ զորամաս չտեղափոխվելու, հակառակը՝ տնամերձ զորամաս կամ զինկոմիսարիատ տեղափոխելը «գլուխ բերելու» համար:Ամբաստանյալ Ս.Մկրտչյանը հայտարարեց, որ ինքը վերադարձրել է հիշյալ գումարները, իսկ գործով մյուս ամբաստանյալները հայտարարեցին, որ Ս.Մկրտչյանից որևէ գումարային պահանջ չունեն:
Ի դեպ, նրանք՝ ամբաստանյալներ, N զորամասի ավտոծառայության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, հետախուզական դասակի հրամանատար Դավիթ Սարգսյանը, վաշտի հրամանատար Տիգրան Խաչատրյանը ընդունեցին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38- 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), իսկ ամբաստանյալներ, դասակի հրամանատար Գևորգ Մարգարյանը, քաղաքացիներ Գագիկ Հարությունյանն ու Սամվել Սարգսյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) մեղադրանքը:
Բոլոր ամբաստանյալները հրաժարվեցին ցուցմունք տալ, սակայն պատասխանեցին մեղադրող կողմի ու դատարանի հարցերին՝ բոլորը հայտարարեցին, որ զղջում են կատարածի համար:
Մեղադրող Պավել Գյուլումյանն իր մեղադրական ճառում նշեց, որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքները ճիշտ են որակվել, միջնորդեց Սուրեն Մկրտչյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, սակայն օրերս ընդունված համաներման որոշման կիրառմամբ ազատել նրան պատժի կրումից, իսկ մյուս ամբաստանյալներին նշանակել պայմանական ազատազրկում 3 տարի ժամկետով՝ 2 տարվա փորձաշրջանով: