Շուշիի նախկին փոխքաղաքապետ, Լեռնային Ղարաբաղի ռազմահայրենասիրության նախարարության աշխատակազմի ղեկավար, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԱԾ հետախուզության սպա, նույն ինքը՝ Սարգիս Գալստյանը, Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով պատիժն արդեն կրում է Արթիկի բանտում: Գալստյանի գործով դատական որոշումն ուժի մեջ է մտել նախորդ ամիս և նա օրերս տեղափոխվել է պատժի կրման վայր: Այս մասին գրում է Ազատությունը։
Նախ առաջին ատյանի, ապա Վերաքննիչ դատարանները ապացուցված են համարել, որ «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը, 2018-ից սկսած բարձր պաշտոններ զբաղեցնելով, տարիներ շարունակ լրտեսություն է իրականացրել Ադրբեջանի օգտին:
Դատական գործի նյութերի համաձայն, Գալստյանը 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի հետ, ումից էլ ստացել է լրտեսություն կատարելու հանձնարարություն: Գալստյանը տվել է իր համաձայնությունը, այդ կերպ հավաքագրվել է հետախուզական ծառայության կողմից, որից հետո էլ ստացել է ադրբեջանական «Սարխան» ծածկանունը:
Ավելի քան մեկ տարի տևած դատավարության նյութերից տեղեկանում ենք, որ Գալստյանը 2020-2023 թվականների ընթացքում, հավաքել և WhatsApp-ի ու բջջային այլ հավելվածների օգնությամբ՝ նամակագրության, զանգերի միջոցով՝ հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել «Արցախում գտնվող բնակչության կարիքների, անգամ սննդի առկայության մասին տեղեկություններ, նաև թե ինչ տրամադրություններ կան արցախահայերի շրջանում»:
Գալստյանը, ըստ գործի նյութերի, նաև մանրամասներ է փոխանցել ղարաբաղյան հարցի կապակցությամբ Հայաստանի և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, նրանց միջև եղած հակասությունների մասին, 2023 սեպտեմբերին՝ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Հայաստանի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության զինվածության, հնարավոր դիմադրության և նման բնույթի այլ տեղեկություններ: Գալստյանի լրտես լինելու մասին խոսակցությունները Հայաստանում սկսվեցին այն բանից հետո, երբ հայաթափումից հետո նա որոշեց կնոջ՝ Մարգարիտայի հետ մնալ Ստեփանակերտում:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։



