Flightradar24-ը հայտնում է, որ Իրանը հիմա միայն հատուկ թույլտվություն ունեցող միջազգային չվերթեր է ընդունում։ Իրանի իշխանությունները բողոքի ցույցերի ֆոնին ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը:
Հունվարի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում ցույցեր իրականացնողներին հորդորեց շարունակել ակցիաները և գրավել իշխանության մարմինները: Նա օգնություն խոստացավ անկարգությունների մասնակիցներին՝ «Truth Social» սոցցանցում գրելով, որ օգնությունը ճանապարհին է: Թրամփը նաև սպառնաց, որ լուրջ գործողություններ կլինեն, եթե Իրանում սկսեն մահապատժի ենթարկել ցուցարարներին։
«Իրանը նոր ծանուցում է տարածել, համաձայն որի` կփակվի օդային տարածքը բոլոր չվերթերի համար` բացառությամբ Իրանից և դեպի Իրան իրականացվող միջազգային չվերթերի, որոնց համար թույլտվություն է տրվում»,- ասվում է X սոցցանցում հրապարակված գրառման մեջ:
Հնդկաստանի խոշորագույն ավիաընկերությունները՝ «Air India»-ն և «IndiGo»-ն, հայտարարել են, որ իրենց մի շարք չվերթերի ժամանակացույցը փոխվել և հետաձգվել է։ «Uzbekistan airports»-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Իրանի օդային տարածքի փակման պատճառով Ուզբեկստանի և արտասահմանյան ավիաընկերությունների կողմից իրականացվող 6 չվերթի ինքնաթիռներ ստիպված են եղել վերադառնալ մեկնման օդանավակայաններ։



