Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող «Միասին՝ ընդդեմ միջուկային Իրանի» կազմակերպությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին է տրամադրել Իրանում 50 ռազմական թիրախների ցանկն ու դրանց տեղակայման վայրերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ փաստաթղթում նշված են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական կետերի հստակ կոորդինատները։

Թիրախների ցանկում են նաև 23 ռազմաբազաներ, որոնք տեղակայված են Թեհրանի վարչական շրջաններում։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը: Երկրում սահմանափակված է ինտերնետի հասանելիությունը։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ձեռնարկել շատ խիստ միջոցներ, եթե Իրանի իշխանությունները սկսեն այս շաբաթ մահապատժի ենթարկել կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։ 

Հունվարի 13-ին Թրամփը զգուշացրել էր, որ իրանցի պաշտոնյաները «մեծ գին կվճարեն» ցանկացած բռնության համար, և խոստացել է Իրանցի քաղաքացիներին, որ «օգնությունը ճանապարհին է»։ Նա ասել էր, որ կչեղարկի իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև սպանությունները չդադարեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել