Մեծ Բրիտանիան գործուն աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ-ին՝ Հյուսիսային Ատլանտիկայում ռուսական դրոշի ներքո նավարկող Marinera նավթատարի կալանման գործողության ընթացքում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։
«Այսօր մեր զինված ուժերը հմտություն և պրոֆեսիոնալիզմ են դրսևորել՝ աջակցելով ԱՄՆ ուժերի կողմից Bella 1 (Marinera նավթատարի նախկին անվանումն է - խմբագրություն) նավի հաջող գրավմանը։ Այն ուղևորվում էր Ռուսաստան»,- նշել է Հիլին։
Նա ընդգծել է, որ հունվարի 7-ին իրականացված գործողությունը պատժամիջոցների խախտումների դեմ պայքարի համընդհանուր ջանքերի մի մասն էր։
«Կասկածելի պատմություն ունեցող այս նավը պատժամիջոցների շրջանցման ռուս-իրանական առանցքի մի մասն է։ Մեծ Բրիտանիան կշարունակի ակտիվացնել իր գործողությունները «ստվերային նավատորմի» գործունեության դեմ՝ մեր ազգային անվտանգության, մեր տնտեսության և համընդհանուր կայունության պաշտպանության համար՝ ապահովելով Մեծ Բրիտանիայի անվտանգությունը երկրի ներսում և նրա ուժը արտասահմանում»,- նշել է նախարարը։



