Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Շիրակի մարզի Կապսի ջրամբարը կկառուցվի։ Նրա խոսքով՝ ջրամբարի շինաշխատանքները դադարեցվել են, քանի որ կապալառուն չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այդ մասին ասաց Կառավարության նիստից հետո լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում` անդրադառնալով Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքներն ավարտելու և դրա հարևանությամբ գտնվող Ջրաձոր գյուղի տեղափոխման ժամկետների մասին հարցին։ 

«Մենք Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի»,-ասաց վարչապետը։ 

Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տվյալ դեպքում ևս մրցութային ընթացակարգերն իրականացվել էին միջազգային գործընկերների հաստատած ընթացակարգով, և ՀՀ կառավարությունն իր կողմից արել էր ամեն ինչ, որպեսզի ծրագիրը հաջողությամբ ընթանար։ 

«Խոշոր կապիտալ ծրագրերն այդպիսին են, աշխարհի բոլոր երկրներում լինում են դեպքեր, երբ ծրագրերը չեն իրականացվում իրենց ժամկետներում»,-նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ այդ ծրագրի իրագործման ուղղությամբ ՀՀ կառավարությունը կատարել է բոլոր անհրաժեշտ քայլերը։  

«Տվյալ դեպքում մեր կապալառու գործընկերը պարզապես պայմանագրային իր պարտավորությունը չի կատարել, նրա հետ պայմանագիրը խզվել է, կփնտրենք նոր գործընկեր, որը ծրագիրը կիրականացնի»,-ասաց վարչապետ Փաշինյանը։  

Վարչապետը շեշտեց, որ, այո՛, իր խոստումը չի կատարվել, սակայն դա չի կատարվել, քանի որ կապալառու կազմակերպությունն իր խոստումը չի կատարել։ 

«Մենք մեր խոստումը այսպես թե այնպես կկատարենք ու կունենանք Կապսի ջրամբարը, ինչպես ունեցանք Վեդիի ջրամբարը»,-ընդգծեց վարչապետը։

2022 թվականի հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրում նոր գյուղ կկառուցվի։ Վարչապետը դա կապել էր Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի հետ, որի արդյունքում ջրամբարի կառուցման համար հատկացված տարածքի հարևանությամբ գտնվող Ջրաձոր բնակավայրը պետք է տեղափոխվեր, այսինքն՝ պետք է կառուցվեր նոր գյուղ, որտեղ էլ պետք է տեղափոխվեին Ջրաձոր բնակավայրի բնակիչները։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Կապսի ջրամբարի շինարարությունը դադարեցվել է, և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կապալառու կազմակերպության հետ պայմանագիրը լուծարելու գործընթաց է սկսել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել