Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2025 թվականի դեկտեմբերի 9-ին քննել է Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ իրավախախտման մասին վարչական գործը։
Վարչական գործի հիմք է հանդիսացել Armlur.am կայքում 2025 թվականի հոկտեմբերի 10-ի հրապարակումը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացրել է պատգամավոր Էմմա Պալյանի կողմից հանձնաժողով ներկայացրած պաշտոնատար անձի 2022-2024 թվականների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերում հայտարարագրված տվյալների վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակման մեջ արձանագրված առերևույթ անհամապատասխանությունների վերաբերյալ ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է․
Էմմա Պալյանի՝ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի բաժիններից մեկում հայտարարագրել է 1․500․000 դրամի չափով ստացված եկամուտ, ակայն եկամուտ վճարած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև նրա հասցեն դաշտում «գծիկ» է դրված, փոխարենը «Նկարագրություն» դաշտում լրացված է «ՌԴ-ից՝ հարազատի կողմից ուղարկված գումար» տեղեկատվությունը։ Պալյանը նշել է, որ գումարը ստացել է բարեկամից։
Նույն հայտարարագրի «Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնում Էմմա Պալյանը հայտարարագրել է ընդհանուր 25 միլիոն դրամ, որից 4 միլիոն դրամը որպես սպառողական վարկ և 21 միլիոն դրամը հիփոթեքային վարկ։
Վերոնշյալ տվյալները համադրելով Էմմա Պալյանի՝ 2023 թվականի տարեկան հայտարարագրի նույն բաժնում հայտարարագրված տվյալների հետ՝ արձանագրվել է, որ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 21 միլիոն դրամ, իսկ 2022 թվականի հայտարարագրում՝ 20․643․674 դրամ։
Նույն հայտարարագրի «Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների մասին տվյալները» բաժնում Էմմա Պալյանն իր ամուսնու՝ Ալբերտ Մարտիրոսյանի վերաբերյալ տեղեկատվության հատվածում ներկայացրել է, որ վերջինս չի աշխատում, մինչդեռ ՊԵԿ էլեկտրոնային շտեմարանում առկա տվյալների համաձայն՝ Ալբերտ Մարտիրոսյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս աշխատում է «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ում, որպես «Անտառապետ», իսկ Ալբերտ Լորիսի Մարտիրոսյանի՝ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ «Հաշվետու տարվա» եկամուտներ բաժնում առկա են «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ից ստացված աշխատավարձի վերաբերյալ տվյալներ։ Հանձնաժողովը արձանագրել է զանցանքի հատկանիշներ, կազմել է գրություն։ Պատգամավոր Էմմա Պալյանը ծանուցվել է, որպեսզի ներկայանա հանձնաժողով, սակայն նրա բացակայությամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։
Էմմա Պալյանն իր ներկայացրած պարզաբանման մեջ նշել է, որ պատրաստ է կատարել լրացումներ և նշել պահանջվող տվյալները։
Հանձնաժողովը որոշել է Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նախազգուշացում։



