24news.am-ը գրում է.

Ինչ խորհուրդ ունի պատարագների ժամանակ «Վերին պետություն» արտահայտությունը։ 24News-ը զրուցել է Ապարանի հովվության հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանի հետ։
Նրա խոսքով, Վերին պետությունը խորհրդանշում է հրեշտակների 9 դասերը՝ Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ, Իշխանություններ, Տերություններ, Զորություններ, Պետություններ, հրեշտակապետներ, հրեշտակներ, որի մեջ մտնում են հազարավոր հրեշտակներ։

«Ասվում է, որ երկնքում կա հրեշտակների 9 դաս։ Վերին պետությունը դրա մասին է, որ առաջինը ստեղծվեց երկնքում, հետո նոր երկրի վրա մարդկություն ստեղծվեց։ Եկեղեցին ունի իր օրհներգը, որը կապված է հենց երկնքի հետ և երկրի վրա, բայց երկրի վրա ի նկատի ունենալով այն եկեղեցին, որը Քրիստոս հաստատեց։ Քանի որ եկեղեցին երկինքն է երկրի վրա, եկեղեցում բոլոր բաները վերագրվում են երկնքին, իսկ երկրային բոլոր բաներն աշխարհին են վերագրվում, իսկ աշխարհը չի կարող մտնել եկեղեցի, բայց եկեղեցին կարող է մտնել աշխարհ, ինչպես որ մարդը չէ, որ ելավ երկինք, այլ Հիսուսն էր, որ երկնքից իջավ երկրի վրա, որպեսզի հետո մարդուն իրավունք տա երկինք բարձրանալու, այսինքն՝ հավիտենական կյանք ունենալու։ Եկեղեցու մեջ միայն երկնային բաներ են կատարվում, ինչը որ Աստծուն է վերագրվում, հաստատել է Աստված և առաքյալների միջոցով փոխանցվել է մեզ։ Դրա համար Հովհան Ոսկեբերանն ասում է՝ չնայած հոգևորականները երկրի վրա են, բայց երկնային գործեր են գործում»,-նշեց նա։

Ըստ հոգևորականի՝ եթե հնչի օրհներգը, այդ կերպ կխեղաթյուրվի պատարագի բուն իմաստը, որովհետև պատարագը երկրի հետ ոչ մի կապ չունի։

«Պատարագը Քրիստոսի զոհաբերության խորհուրդն է, դրա համար ամեն ինչ վերագրվում է Քրիստոսին ու երկնքին՝ Սուրբ Երրորդությանը։ Մարդկային ոչ մի միջամտություն չկա պատարագի մեջ»,-նշեց հոգևորականը։

Անդրադառնալով ՀՀ դրոշի տեղադրմանը եկեղեցիներում՝ նա ընդգծեց, որ եկեղեցին երկինքն է երկրի վրա։

«Եթե կա դրոշ, դա երկնային դրոշը պետք է լինի, իսկ երկնային դրոշ մենք չունենք, դա Քրիստոսի անունն է ու խաչը, որ մենք դնում ենք եկեղեցու գլուխ, որպես գլուխը եկեղեցու Քրիստոս, իսկ դա մեզ ասում է Պողոս Առաքյալը։ Պողոս Առաքյալից և ընդհանրապես առաքյալներից ավել, ամեն ինչ լինում է ինքնահնար վարդապետություն, իսկ ինքնահնար վարդապետությունը չի կարող տեղ գտնել եկեղեցու վարդապետության մեջ։ Եկեղեցու հիմքը Առաքելական վարդապետությունն է, Աստվածաշունչը, Աստծո խոսքը, իսկ Աստծո խոսքն ասում է՝ եկեղեցին դա Քրիստոսի մարմինն է, որի գլուխը Քրիստոսն է, դրա համար է, որ մենք եկեղեցիների գմբեթները զարդարում ենք խաչի նշանով՝ որպես Քրիստոսի խորհրդանիշ։ Անհնար է, որ եկեղեցիների վրա դրոշներ լինեն, տարածքում գուցե, բայց եկեղեցու վրա՝ երբեք», – ասաց քահանան։

Տեր Մուշեն հիշեցրեց, որ եկեղեցին անջատ է պետությունից և հորդորեց, որ եկեղեցու հետ հարաբերվեն այդ տեսանկյունից։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Յոթ վերք եկեղեցու պատարագից հետո հայտարարեց, որ եկեղեցիներում պատարագներից առաջ պետք է հնչի ՀՀ օրհներգը, իսկ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առաջարկեց, որ պետք է Հայաստանի Հանրապետության դրոշը լինի նաև եկեղեցիներում։

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ հրապարակեց, որում բացատրում է իր հայտարարությունները․ «Պատարագի տեքստում մի այսպիսի հատված կա և դրանով քահանաները մեկնարկում են պատարագը։ Ասվում է՝ խորհուրդ խորին, անհասանելի, անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը, հրեղենների դասը գերապանծ փառքով զարդարեցիր։ Խոսք է գնում վերին պետության մասին, պետության մասին, վերին պետության մասին։ Պատարագից առաջ պետական օրհներիգի հնչեցնելը կարձանագրի կապը վերին և ներքին պետությունների միջև»։

Հասմիկ Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել