News.am-ը գրում է.
2025թ. հոնիսի 30-ից Ռուսաստանում կսկսեն ձեւավորել թվային պրոֆիլ միգրանտների անձնական եւ կենսաչափական տվյալներով՝ թեթեւացնելու համար նրանց կարգավիճակի վերահսկումը։ Այս մասին վկայում է կառավարության որոշումը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ 
Տեղեկացվել է, որ հունիսի 30-ից օտարերկրյա քաղաքացիները ցանկացած անցակետով Ռուսաստան մուտք գործելիս պետք է մատնահետքեր եւ լուսանկար ներկայացնեն։ Այս եւ այլ տվյալներ կլինեն թվային պրոֆիլի հիմքում:
Ավելի վաղ ՌԴ թվայնացման նախարարությունը հայտնել էր, որ օտարերկրացիները ցանկության դեպքում կարող են ինքնուրույն թվային պրոֆիլ ստեղծել RuID հավելվածում։ Սա օտարերկրացիների համար նախատեսված հանրային ծառայությունների անալոգն է, որը մշակվելու է փորձի շրջանակներում։ Դրանում կարելի է հայտարարել Ռուսաստան այցելության մասին եւ ծառայություններ ստանալ երկրի տարածքում, օրինակ՝ ստանալ բժշկական ապահովագրություն կամ գրանցվել ներքին գործերի նախարարությունում։
Փոփոխությունները չեն վերաբերի Բելառուսի քաղաքացիներին, մինչեւ վեց տարեկան երեխաներին, դիվանագետներին եւ Ռուսաստանում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներին, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին եւ Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրված նրանց ներկայացուցիչներին եւ նրանց ընտանիքների անդամներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել