Հայաստանը պատրաստակամություն է հայտնել կառուցել եւ վերականգնել անհրաժեշտ ողջ ենթակառուցվածքը Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային կապերի ապահովման համար, քանի որ նրա ռազմավարական դիրքը որպես տարածաշրջանային օղակի առաջարկում է զգալի պոտենցիալ տարածաշրջանային ինտեգրման եւ տնտեսական զարգացման համար։ Այս մասին նշվել է Ethnos հունական պարբերականի «Հարավային Կովկասի զարգացման անհրաժեշտ եւ բավականաչափ պայման» հոդվածում։

Նրա հիմնական նպատակն է զարգացնել հաղորդակցությունը Հայաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ենթակառուցվածքների վերանորոգման եւ կառուցման միջոցով՝ ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, խողովակաշարերը, մալուխները եւ էլեկտրահաղորդման գծերը: Հայաստանը բաց ճանապարհներ ունի իր չորս հարեւան երկրներից երկուսի հետ, ինչը վկայում է նրանց (Իրանի եւ Վրաստանի) հետ բարեկամական հարաբերությունների մասին։ Եվս երկու հարեւանների (Թուրքիա եւ Ադրբեջան) ճանապարհները փակ են։

Հարավային Կովկասը խաղաղության կարիք ունի, որին հնարավոր է հասնել միայն բաց սահմանների եւ ամուր տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապերի միջոցով։ Այս կապերը հնարավոր չեն առանց ենթակառուցվածքների, ինչպիսիք են ճանապարհները եւ երկաթուղիները, որոնք հեշտացնում են համագործակցությունը: Առանց ճանապարհների շատ դժվար կլինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն կառուցել եւ ամրապնդել։

«Խաղաղության խաչմերուկ» ստեղծելու Հայաստանի առաջարկը նպատակ ունի տարածաշրջանը վերածել քաղաքական երկխոսության եւ միջազգային համագործակցության կենտրոնի։ Փոխադարձ վստահության ամրապնդմամբ եւ ավանդական աշխարհաքաղաքական տարբերությունների հաղթահարմամբ։ Նախաձեռնությունը նպատակ ունի բացել կովկասյան տարածաշրջանի ողջ ներուժը եւ խթանել ավելի լայն տարածաշրջանային համագործակցություն:

Հարավկովկասյան տարածաշրջանը դարեր շարունակ եղել է միջազգային առեւտրի հիմնական ուղիներից մեկը՝ արեւելքից արեւմուտք և հյուսիսից հարավ։ Հիմնվելով այս հզոր պատմական հիմքի վրա՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նպատակ ունի վերակենդանացնել Հարավային Կովկասի՝ որպես միջազգային առեւտրի, համագործակցության եւ միջմշակութային երկխոսության անվտանգ կենտրոնի իմիջը:

Աշխարհաքաղաքական իրավիճակը, մասնավորապես Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում (Կարմիր ծովում) տեղի ունեցող իրադարձությունները ընդգծում են տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման կարեւորությունը՝ տարածաշրջանային շուկաներ ապրանքների անխափան մատակարարում ապահովելու համար:

Հայաստանի առաջարկը ներառում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանային հսկողության կետերի բացում եւ ստեղծում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հաղորդակցությունը հեշտացնելու համար՝ երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնմամբ։

«Խաղաղության խաչմերուկը» կավելացնի ճանապարհային բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման եւ թվային ենթակառուցվածքների թողունակությունը՝ Սեւ ծովի տարածաշրջանը Հայաստանի միջոցով կապելով Պարսից ծոցի տարածաշրջանի հետ։ Սա կարող է Հարավային Կովկասը դարձնել առանցքային տարանցիկ հանգույց Արեւելքի, Արեւմուտքի, Հյուսիսի եւ Հարավի միջեւ:

Մի շարք երկրներ իրենց աջակցությունն են հայտնել «Խաղաղության խաչմերուկին», այդ թվում՝ Միացյալ Նահանգները, ԵՄ-ը, Ֆրանսիան եւև Հունաստանն առանձնապես: Իրանը ողջունել է այս նախաձեռնությունը։ Ծրագրի վերաբերյալ դրական կարծիք են հայտնել Ռուսաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Կիպրոսը, Ղազախստանը, Իրաքը, Կատարը եւ ԱՄԷ-ն։

Հայաստանի այս նախաձեռնությունն ավելի ուժեղ աջակցություն է պահանջում միջազգային հանրության կողմից։ Աջակցելով Հայաստանի ընդգրկմանը Անդրկասպյան միջանցքում եւ խթանելով համագործակցությունը Հարավային Կովկասում՝ տարածաշրջանը կարող է վերածվել դինամիկ տնտեսական հանգույցի։ Ռազմավարական ներդրումները, դիվանագիտական աջակցությունը եւ գործընկերությունը կօգնեն ստեղծել ավելի հավասարակշռված աշխարհաքաղաքական լանդշաֆտ:

Ինչ վերաբերում է Հունաստանին, ապա գրեթե մեկ տարի առաջ արտգործնախարար Յորղոս Գերապետիտիսն ասել է. «Կարծում եմ, որ «Խաղղաության խաչմերուկը» իրագործելի, կայուն եւ արդար լուծում է: Մենք կարծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը պետք է անդրադառնա սահմանների սահմանագծման հետ կապված կոնկրետ հարցերի եւ ապագայում ռազմական գործողությունների բռնկումից խուսափելու համար։ Կարծում եմ, որ երկու կողմերն էլ պետք է շարունակեն ներգրավվել այս գործընթացում: Ես կարծում եմ, որ կա լուրջ եւ իրատեսական հավանականություն, որ մենք ապագայում լուծում կունենանք։ Հունաստանն այս առումով լավ ծառայություններ կառաջարկի ոչ միայն միջազգային ֆորումներում, այլեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է տարածաշրջանում բարգավաճմանն ու կայուն խաղաղությանը եւ անում է հնարավոր ամեն ինչ՝ գտնելու լուծում, որը կլինի ոչ միայն ի շահ հայ ժողովրդի, այլեւ իրատեսական լուծում կդառնա կայուն խաղաղության համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել