ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողություններով պարզվել է, որ թվով երեք ՍՊ ընկերության տնօրեն Ս.Զ.-ն, ունենալով ընկերությունների գույքը տնօրինելու և դրանց անունից հանդես գալու իրավասություն, ի սկզբանե տեղյակ լինելով այն մասին, որ տրվել են Երևան քաղաքի Դավթաշեն Տ.Պետրոսյան 73-րդ, Ֆուչիկի 6/1, Երևան քաղաքի Հալաբյան 55/1 և Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամաս 45/5 հասցեներում 12 հարկանի բազմաբնակարան շենքեր կառուցելու թույլտվություններ, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, քաղաքացիների հետ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ, այն է՝ առանց նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման, հասարակ գրավոր ձևով, հետագայում հիմնական պայմանագիր կնքելու պատրվակով, 2018թ․ ընթացքում կնքել է վերոհիշյալ հասցեներում գտնվող բնակարանների, ինչպես նաև՝ ավտոկայանատեղիների՝ ի սկզբանե առոչինչ առուվաճառքի նախնական պայմանագրեր, որոնք նոտարական կարգով չեն վավերացվել և չեն ստացել իրավունքների պետական գրանցում:

Բնակարանների ձեռք բերման դեպքում, որպես բնակարանի գնի կանխավճար, Ս.Զ.-ն ստացել է առանձնապես խոշոր չափերի կանխավճարներ, իսկ ավտոկայանատեղիների դեպքում՝ դրանց արժեքն ամբողջությամբ:

Հետագայում իրեն հանձնված գումարները հափշտակելով՝ Ս.Զ.-ն դրանք տնօրինել է սեփական կարիքների համար՝ այդ կերպ անձանց պատճառելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում 14 անձ տուժող է ճանաչվել: Վերջիններիս հասցված ընդհանուր վնասի չափը, քննության տվյալներով, կազմում է շուրջ 521,358 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Տուժողներին հասցված վնասից շուրջ 294,354 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը նախաքննության ընթացքում Ս.Զ.-ի կողմից հատուցվել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել 9 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 6 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել