Բաքվի բանտում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Իմանն արդեն չորս ամիս է չի խոսել ամուսնու հետ։ «Հրապարակի» հետ զրույցում Լինդան նշել է, որ իրեն մտահոգում է ամուսնու լռությունը։

«Ես չեմ կարողացել Վիգենի հետ ոչ հեռախոսով խոսել, ոչ էլ նրանից նամակ եմ ստացել։ Տարօրինակ ձևով մեր շփումները դադարեցին։ Կարմիր Խաչից ինձ ասում են, որ տեսակցել են Վիգենին և որ ինքը չի ուզում կապ հաստատել մեզ հետ, բայց ես կարծում եմ, որ Վիգենին ճնշում են ադրբեջանցիները ու նրա կյանքին մեծ վտանգ է սպառնում, այլապես ինչո՞ւ պիտի դադարեր մեզ հետ որևէ շփում: Նրան ճնշում են՝ այդպես եմ կարծում»,- ասել է Իմանը։

Նա նշել է, որ ամուսնու վերաբերյալ տեղեկատվության միակ աղբյուրը հիմա Կարմիր Խաչն է։ Լիբանանի կառավարության կողմից ձեռնարկվելիք քայլերն էլ որևէ արդյունք չեն տվել՝ նրա ամուսնու դատավճիռը փոքր-ինչ մեղմելու ուղղությամբ։

Սակայն ամեն ինչ դրանով չի սահմանափակվում, Լինդա Իմանն ամենօրյա ռեժիմով ստանում է իրեն ու իր զավակներին սպանելու սպառնալիքներ։

«Ամեն օր ադրբեջանցիներից նամակներ եմ ստանում, զինվորական ադրբեջանցիներ, պարզապես ադրբեջանցիներ ինձ նամակներ են գրում, որ ես շուտով կորցնեմ որդուս, որ մարդ են ուղարկել՝ սպանելու ինձ ու իմ երեխաներին։ Ու պատճառն այն է, որ սոցիալական ցանցերով ու բոլոր հնարավոր հարթակներում անընդհատ Վիգենին ազատելու պահանջով հրապարակումներ եմ անում, չեմ լռում, անընդհատ բարձրացնում եմ իր՝ Բաքվում գերի լինելու հանգամանքը»,-ասել է Լինդա Իմանը։

Վիգեն Էուլջեքյանի կինը հիմա ստիպված է պայքարել ոչ միայն ամուսնու, այլևս իր ու իր երեխաների անվտանգության համար, քանի որ լրջագույն մտահոգություն ունի, որ մի օր իսկապես կարող են վնասել իրեն կամ իր երեխաներին՝ Վիգեն Էուլջեքյանի ազատության համար պայքարելու պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել