Tert.am-ը գրում է․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին՝ Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձի առիթով, շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Կառավարության և Ազգային ժողովի կողմից ոլորտում իրականացված բարեփոխումների լայն շրջանակին, ընդգծել քննչական մարմինների կարողությունների մեծացման ուղղությամբ իրականացված աշխատանքը:
Վարչապետի խոսքով, եթե դե յուրե ճիշտ է հնչում, որ դա ներդրում է Քննչական կոմիտեի զարգացման գործում, այնուամենայնիվ, անձամբ իր և Կառավարության տեսակետից դա ներդրում է Հայաստանի Հանրապետությունում արդարություն հաստատելու գործում: «Այո՛, ես հատկապես օգտագործում եմ «արդարություն հաստատել» տերմինաբանությունը երկու առանցքային պատճառով, որովհետև կարծում եմ, որ արդարությունն ինձ և մեր քաղաքական թիմին՝ իշխանության հասցրած ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության առաջնային պահանջներից մեկն է, և երկրորդը՝ ցավոք, մենք չենք կարող ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն արդարության զգացում Հայաստանի Հանրապետությունում»,-ասել է Կառավարության ղեկավարը: Եվս մեկ անգամ ընդգծելով, որ ոլորտում իրականացված բարեփոխումներն ուղղված են Հայաստանում արդարություն հաստատելու գործին, վարչապետը նշել է. «Ես արդեն վեց տարուց ավելի զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը՝ ասում եմ, որ արդարություն հաստատելու օրակարգն այսօր նույնքան հրատապ է Հայաստանի Հանրապետությունում, որքան հրատապ էր 2018 թվականին
կամ 2019 թվականին: Բայց սա չի նշանակում, թե մենք արդարության հաստատման ուղղությամբ ոչինչ չենք արել»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս բոլոր բարեփոխումների համատեքստում, առաջին հերթին, քայլեր են ձեռնարկվում արդարության և արդարադատության ինստիտուտները կայացնելու գործում:
Խոսելով, որ բարեփոխումների առաջին ցիկլն ավարտին է հասցվել նախորդ տարի և այս փուլում քաղաքական անելիքն ավարտված է, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այժմ եկել է մի փուլ, երբ Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ, պետք է ստանան արդյունքներ արդարության և արդարադատության, օրինականության, հանցավորության մակարդակի նվազման տեսքով. «Հակառակ դեպքում՝ մենք ժողովրդին չենք ունենա պատասխան, թե ինչու սոցիալական, անվտանգային և բազմաթիվ այլ խնդիրների պատճառով մենք նման որոշումներ ենք կայացրել, առաջնային որոշումներ ենք կայացրել դատաիրավական համակարգի վերաբերյալ»:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձի առիթով և գնահատանքի խոսքեր հղելով այս ընթացքում կատարված արդյունքների և ձեռքբերումների համար՝ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն պայմանները, որոնք անհրաժեշտ էին, ապահովվել է դատական, դատաիրավական համակարգի, իրավապահ համակարգի համար, որպեսզի լիարժեքորեն ակնկալվի, որ Հայաստանի Հանրապետությունում լինի ուժեղ իրավակարգ, լինի արդարություն և արդարադատություն:
«Ըստ էության, ինստիտուցիոնալ կայացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ու նախապայմանները ստեղծել ենք: Եվ հիմա ասում եմ ոչ միայն Կառավարության, ոչ միայն խորհրդարանական մեծամասնության, այլև ասում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից, մենք շատ ժամանակ չունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ներդնելու այն զգացողությունը, որ Հայաստանի Հանրապետությունում կա արդարություն, Հայաստանի Հանրապետությունում կա արդարադատություն, Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, Հայաստանի Հանրապետությունում չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա, և Հայաստանի Հանրապետությունում օրենքը, օրինականությունը, իրավակարգը, արդարությունը և արդարադատությունն ընդամենը ճառերում հիշատակվող խոսքեր չեն, այլ դրանք իրականություն են և իրողություն:
Եվ հետևաբար՝ հերթական անգամ շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, ինչ-որ առումով Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ուզում եմ համարել զրոյական կետ. զրոյական կետ ոչ թե այն առումով, որ կատարված աշխատանքը զրոյացվում կամ դեն է նետվում, այլ զրոյական կետ այն առումով, որ այդ զրոյական կետից ամեն հաջորդող կետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պիտի ավելի ու ավելի խորանա Հայաստանի Հանրապետությունում արդարության, արդարադատության, օրենքի և օրինականության առկայության առումով»,-ասել է Կառավարության ղեկավարը:
Ամփոփելով իր խոսքը՝ Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձի առիթով, հաջողություններ մաղթել Հայաստանի Հանրապետությունում արդարությունը, արդարադատությունը, օրենքը և օրինականությունն անառարկելի, անքննելի, անքննարկելի և անշրջելի իրողություն դարձնելու ճանապարհին:
Վարչապետ Փաշինյանը Քննչական կոմիտեի ստեղծման 10-րդ տարեդարձի առիթով ՔԿ մի խումբ ներկայացուցիչների պարգևատրել է Վարչապետի հուշամեդալով, շնորհակալագրով և արժեքավոր նվերներով: