keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Աղջկա կյանքը փրկել չհաջողվեց, հարցերը մնացին. ի՞նչ է հայտնի այս պահին

visibility 169 commentմեկնաբանել

Mediahub.am-ը գրում է․


MediaHub-ը շաբաթ օրը տեղեկացրեց, որ ցավոք՝ օրեր շարունակ կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջկա կյանքը փրկել չհաջովեց:

Երեխան Վեդիի միջնակարգ դպրոցից Վեդիի ԲԿ էր տեղափոխվել, այնուհետ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Թե ո՞րն է պատճառը, որ երեխան նման ծանր վիճակում էր հայտնվել, պարզ չէ:

Ավելի վաղ գրել էինք, որ 10-ամյա երեխայի գործով ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։

MediaHub-ը դարձյալ կապ հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ՝ ճշտելու, թե ի՞նչ զարգացումներ կան այս գործով։

«Քննություն է իրականացվում, դեռ ոչինչ չեմ կարող ասել, հանգամանքները պարզվում են»,– նշեց Աբրահամյանը։

MediaHub-ի հետ զրույցում աղջնակի հայրը՝ Լևոնը, ավելի վաղ նշել էր, որ խոսակցություններ են շրջանառվում, թե պատուհանից է երեխան ընկել, մեկն ասում է՝ «աստիճաններից բրդել, գցել են երեխային», «վեճ է եղել»։ Իր հերթին, դպրոցի տնօրենը հայտնել էր. «Ուսուցչուհին սովորաբար այդ երեխային մենակ չէր թողնում գնալ։ Երեխան էդ օրը շատ հանգիստ է եղել, նորմալ է եղել, և ուսուցիչը թողել է նրան դուրս գալ։ Մենք ենթադրում ենք, որ ինչ-որ ձայն է լսել ներքևից, կռացել է, որ նայի, կորցրել է հավասարակշռությունը ու ընկել։ Վերևում այդ պահին աշակերտ չի եղել»:   

Հիշեցնենք, MediaHub-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ նախնական ախտորոշմամբ երեխայի մոտ առկա վնասվածքների պատճառով զարգացել է պոլիօրգան անբավարարություն, առաջացել է շնչառական անբավարարություն երրորդ աստիճան, ԹԱՇ վիճակ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Դիակը ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության։  Մահվան պատճառի վերջնական եզրակացությունը կլինի փորձաքննության ավարտից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել