Hraparak.am-ը գրում է․

Հարկադիր կատարման ծառայությունն այսօր գնացել է Քեթրինի Միհրանին` ԴԱՀԿ նախկին պետ, «Հայոց Համազգային միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանո` Ծաղկաձոր եւ այն կապարակնքել։ 

Միհրան Պողոսյանի հիմնադրած «Հայոց Համազգային միասնություն» կուսակցության անդամ Հայկ Ստեփանյանը պատմում է, որ օրեր առաջ Քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է արել «Կեչառիս» հյուրանոցում, հայտնաբերել խախտումներ․ «Տեսչական մարմինն արձանագրել է խախտումներ, եւ ժամանակ չի տվել, որպեսզի այդ խախտումները վերացվի, դրա փոխարեն որոշում է կայացրել փակել հյուրանոցը, մի հյուրանոց, որը 2005 թվականից աշխատել է, չեն ասել՝ խախտումները վերացրեք, խելամիտ ժամկետ տան։ Ակնհայտ է, որ իշխանական ռեպրեսիվ ապարատն է գործի դրված, եթե նայենք, ապա նման բան չեն անում, միշտ ժամանակ է տրվել խնդիրները վերացնելու»։

Հայկ Ստեփանյանն ասում է՝ իրենք հնարավորություն չեն ունեցել նաեւ դատարանի միջոցով այդ հարցը լուծելու․ «Մենք դիմել ենք դատարան մեկ շաբաթ առաջ, դատարանը պարտավոր էր 7 օրվա ընթացքում վարույթ ընդունել, անհեթեթ մեկնաբանություններով, թե իբր ծրագրային խնդիրներ կան դատարանում, դատարանը որեւէ նիստ չի հրավիրել եւ այդպիսով թույլ է տվել, որ Հարկադիր կատարման մարմինն եւ տեսչական մարմինը հյուրանոցը փակեն»։ 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանն ասաց, որ տեսչական մարմինը բավականին ժամանակ է ինչ անհապաղ կատարման ակտերի համար այլևս կարգադրագրեր չի տալիս․ «Արձանագրվում է խախտումը, կայացվում է գործունեության դադարեցման որոշում, այդ ընթացքում իրենց ձեռքում է, թե քանի օրում շտկումները կիրականացվեն։ Փորձը ցույց է տվել, երբ ժամկետ ես սահմանում` ոչինչ չեն անում, կանգնում են փաստի առաջ։ Կայացվել է որոշում՝ անհապաղ դադարեցնել գործունեությունը մինչև խախտումները կվերացվեն։ Խախտումների վերացումը կտևի մեկ ժամ, մեկ օր թե 30 օր, դա կախված է տնտեսավարողի գործոնից, թե ինչ ինտենսիվությամբ շտկումները կիրականացնեն»։

Տեսչական մարմնից նաեւ փոխանցեցին՝ «Կեչառիս»-ում 5-ից ավելի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների խախտում է հայտնաբերվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել