Pastinfo.am-ը գրում է․

Չեմ կարծում եմ, որ վարչապետի մակարդակով արժե գնալ Բաքու՝ COP 29-ին մասնակցելու, բայց մասնակցել, կարծում եմ, արժե։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Կարծում եմ՝ ԱԳՆ-ից որևէ փոխնախարար կամ ԱԺ որևէ պատգամավոր կարող է մասնակցել այդ գագաթնաժողովին, այդ մակարդակով է պետք է մասնակցել, վարչապետն ինչ գործ ունի»։

Հարցին, թե ինքը՝ որպես պատգամավոր կգնա՞, նա պատասխանեց, որ եթե նման հանձարարական լինի՝ կգնա։

Ինչ վերաբերում անվտանգային հարցերին՝ նա ասաց. «Կյանքը ռիսկ է, եթե նման բաներից անհանգստանամ՝ չպետք է ապրեմ։ Չունեմ նման մտահոգություններ, չէ»։

Անդրադառնալով կանխատեսումներին, թե COP 29-ից հետո Ադրբեջանը կարող է պատերազմական գործողություններ սկսել՝ նա նշեց, որ պատմության հայտնի են դեպքեր, երբ երկրների ղեկավարները միասին թեյ են խմել ու դրանից հետո իրար դեմ պատերազմ են սկսել։ «Իհարկե, նման այցերը չեն խթանի պատերազմական գործողություններ սկսելուն, բայց վստահաբար չի կարելի ասել, որ դա կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ։ Բոլոր դեպքերում՝ ես պատերազմի հավանականությունը ցածր եմ համարում՝ անկախ էդ միջոցառումից։ Կարծում եմ՝ մենք ամեն օր այդ պատերազմի հավանականությունն ավելի ենք փոքրացնում»։

Ինչ վերաբերում է COP 29-ի ընթացքում փաստաթղթի ստորագրմանը՝ Աղազարյանն ասաց, որ ինքը նման փաստաթղթի ստորագրման հավանականություն չի տեսնում։ «Իհարկե, մոտ ենք, բայց ոչ այդքան»,-ասաց Աղազարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել