Tert.am-ը գրում է.

Երեկ՝ հունիսի 21-ին, Կոմիտասի փողոցում տեղակայված «ՍԱՍ» սուպերմարկետի առջև բեյսբոլի մականով դաժանաբար ծեծի են ենթարկել Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Նիդեռլանդների քաղաքացիների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

«Կոմիտասի պողոտայում տաքսու սպասող 65 և 51 տարեկան արցախցիներին ուսով հրում, իբրև թե ճանապարհ չտալու պատճառով նրանց վիրավորում և տեսախցիկների ու տասնյակ մարդկանց առջև ավտոմեքենայից հանված «բիտայով» դաժանաբար ծեծի են ենթարկում, իսկ մի քանի մետր հեռավորության վրա գտնվող քննչական կոմիտեն ծեծի ենթարկողին հայտնաբերել չի կարողանում, հիվանդանոցում գտնվող արյունլվա շորերը առգրավել չի հասցնում, արցախցիներին տուժող ճանաչելու հարցում չի շտապում, աշխատանքային օրն ավարտվելուց հետո էլ վարույթով զբաղվելու ժամանակ չի ունենում։ Սա էլ այն դեպքում, երբ ծեծի ենթարկող քաղաքացու տրանսպորտային միջոցն ու համարանիշները հայտնի են, իսկ նրա դեմքը՝ ֆիքսված տարբեր տեսախցիկներով։ Փոխարենը տարբեր անձինք հասցնում են հորդորել այդ նույն արցախցիներին որևէ տեղ չբողոքել՝ «ամեն ինչ լավ է լինելու» խոստումով»,- գրել է փաստաբանը։

Երիցյանը տեղեկացրել է, որ նրանք գտնվում են Հերացու անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ գանգոսկրի կոտրվածքներով։ Նրա խոսքով՝ ծեծի ենթարկողները ձերբակալված չեն, քանի որ Քննչական կոմիտեն քաղաքական հետապնդումներով է զբաղված։ Միևնույն ժամանակ փաստաբանը պնդել է, որ նրանք ծեծի են ենթարկվել արցախցի լինելու համար։

Դեպքի առնչությամբ Tert.am-ը պարզաբանում խնդրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից։

Աբրահամյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ նույն օրը ձեռնարկվել է քրեական վարույթ՝ ծանր մարմնական վնաս պատճառելու հատկանիշներով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել