Panorama.am-ը գրում է.

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանում ՌԴ դեպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դեսպանին Մոսկվա կանչելու պատճառը կարող է լինելու ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Փաշինյանն անուններ չտվեց, սակայն հասկանալի էր, որ ՀԱՊԿ այդ երկու երկրներից մեկը Բելառուսն էր, մյուսը՝ Ռուսաստանը։ Երբ արդեն չափն անցնում է, բնականաբար ասածի համար պետք է պատասխան տա»,-նշեց Բադալյանը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ խորհրադարանում վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մասնավորապես հայտարարել է. «2020 թվականիի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից մեր դաշնակիցները։ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այդ երկրները իմիտացիա են ստեղծել, որ մեզ ուզում են օգնել, թե կամ իբր մեզ օգնել են, բայց ես ուզում եմ ասել՝ այդ պատերազմը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել․ իրենք իրենց մեջ վաղուց Լեռնային Ղարաբաղի հարցը փակել են, այդ պատերազմը եղել է Հայաստանի Հանրապետության չակնկալիքների մասին, այդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի Հանրապետության չգոյությունը»։

Հարցին, թե ի՞նչ հնարավոր զարգացումների կարելի է ականատես լինել դեսպանի՝ Մոսկվա կանչելուց հետո, Բադալյանը պատասխանեց, Փաշինյանը շատ հանգիստ կարող է հայտարարել, որ ինքը Ռուսաստանի անունը չի տվել, եթե դեսպանը հետ է կանչվել, ուրեմն ինչ-որ աշխատանք ունեն։

«Կարող են հանգիստ պատասխանեն, ոչինչ էլ չլինի, քանի որ այս իշխանությունների համար հայ-ռուսական հարաբերությունները զրոյական արժեք ունեն։ Իրենք անուն չեն տալիս, կարող են ասել, Ռուսաստանը հանձնարարականներ ունի։ Կարող են ավելի լուրջ խնդիրներ լինել, հնարավոր է՝ Ռուսաստանը պարտադրի Հայաստան ուղարկել Հայաստանի դեսպանին։ Հայաստանը չի զիջելու, ինքը կասի, ես անուն չեմ տվել։ Երեկ ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչն ասաց՝ մենք չենք գուշակելու, սպասելու ենք պատասխանի, թե  ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը։ Հայաստանի իշխանությունները հաշվի չառան դա, հիմա երկրորդ քայլն է գնում։ Սա միջազգային դիվանագիտության մեջ կոչվում է հստակ ուղերձ, բողոքի նոտա»,-ասաց Արմեն Բադալյանը։

Panorama.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը չբացառեց, որ Մոսկվա դեսպանի կանչելը կարող է պայմանավորված լինել Մինսկում Պուտինի հետ հանդիպմանը Լուկաշենկոյի կատարած հայտարարության հետ։

Վերջինը երեկ  հայտարարել էր, որ Կովկասի վերաբերյալ շատ հետաքրքիր առաջարկություն ունի Վ. Պուտինին, որն արդեն քննարկել է Ադրբեջանում։

«Հստակ չեմ կարող ասել, սպասելի՞ էր դեսպանին Մոսկվա կանչելը, թե՞ ոչ, քանի որ շատ գործընթացներ կատարվում են կուլիսների հետևում։ Բայց սա կարելի է կապել Լուկաշենկոյի արած հայտարարության հետ, որն ասել էր, շատ հետաքրքիր առաջարկություն ունի Կովկասի վերաբերյալ, որն արդեն քննարկել է Ալիևի հետ հանդիպմանը։ Սա պատահական հայտարարություն չէ, Հայաստանի հարցով քաղաքականություն է  փոխվում, և կարող են ինչ-որ որոշում կայացվել»,-ասաց նա։

Դանիելյանի խոսքով, եթե դա կապ ունի դեսպանի՝ Մոկսվա կանչելու հետ, ապա նշանակում է, կարող են լուրջ շրջադարձներ լինել։

«Հնարավոր նոր զարգացումները լինելու են հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։ Թե ինչ զարգացումներ կլինեն, չեմ կարող ասել, բայց դա վերաբերում է Կովկասի նկատմամբ իրենց վարած քաղաքականությանը, որի վերաբերյալ հնարավոր են լուրջ որոշումներ»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել