Ինչպես հայտնի է, Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Tasnim գործակալության կայքում հրապարակված հոդվածում հանդես էր եկել բավական ուշագրավ շեշտադրումներով: Մասնավոարպես՝ բացի այն, որ նա հստակորեն պարզաբանել էր այն հարցը, թե ինչու են թուրքերն ամեն գնով առաջ տանում «Զանգեզուրի միջանցք» հորջորջվող պրոյեկտը, նաև ոչ երկիմաստ կերպով Մոսկվային էր ուղերձ հղել՝ սթափվելու ու երկակի վարքագիծ չդրսևորելու այնպիսի մի իրավիճակում, երբ վտանգված է ոչ միայն ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի, այլև հենց Իրանի ապագան: Ընդ որում՝ հատկանշական է, որ հոդվածի հրապարակումը համընկել է Իրան-ՌԴ հարաբերություններում օրերս նկատելի դարձած լարվածության ֆոնին:

«Մեր ռուս ընկերները պետք է զգույշ լինեն և գիտենան, որ ցանկացած փոքր անփութություն Կովկասում այն կդարձնի ներխուժման և մրցակցության վայր տարբեր երկրների և չարամիտ կողմերի միջև, որոնք հարվածելու են Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության շահերին: Եթե նրանք անտեսեն, ապա ամերիկացիներն ու նրանց գործակալները, որոնք չկարողացան որևէ կարևոր բան անել Ուկրաինայում, կուժեղացնեն լարվածություն ստեղծող գործոնները շատ զգայուն հարավկովկասյան տարածաշրջանում և կխաթարեն ողջ տարածաշրջանի անվտանգությունը»,-մասնավորապես՝ գրել է իրանցի պաշտոնյան՝ նախազգուշացնելով ՌԴ-ին, որ բարդ հարցերի ցանկացած անտեսում և չափից ավելի պարզեցում կստիպի ոչ բարեկամ երկրներին չսահմանափակվել միայն Հարավային Կովկասի տարածաշրջանով, այլև տարածել իրենց ազդեցությունը Հյուսիսային Կովկասի և, ամենակարևորը, Կասպից ծովի և դրա շուրջ գտնվող երկրների վրա, և դա պետք է լինի Իրանի և Ռուսաստանի կարմիր գիծը:

Ռուսատսանում չգիտե՞ն այս մասին, ինչո՞ւ է Իրանը որոշել նման ազդակ ուղարկել Կրեմլին: Ակնհայտ է, որ այս հոդվածը ծնվել է Թեհրանում առկա խորը մտահոգությունից, որը բխում է առաջին հերթին Մոսկվայի անդրկովկասյան քաղաքականության երկակիությունից. փորձելով մեկ ձեռքով պահել և՛ Երևանին, և՛ Բաքվին՝ Մոսկվան ռիսկի է դիմում կորցնել երկուսին էլ միաժամանակ մի դեպքում, երբ Ադրբեջանը փաստացի հանդիսանում է ՆԱՏՕ-ական Թուրքիայի պրոքսին տարածաշրջանում՝ չթաքցնելով իր նկրտումները ոչ միայն ՀՀ տարածքի նկատմամբ:

Առնվազը 19-րդ դարից ի վեր Անդրկովկասը գլխավորապես համարվում է՝ ռուսական ազդեցության գոտի, իսկ Աղդամում տեղակայված ռուս-թուրքական առաքելությունը փաստացի կոտրում է դարերի ավանդույթն՝ հանդիսանալով Կովկաս Թուրքիայի վերադարձի յուրատեսակ խորհրդանիշ: Իրանը, ըստ երևույթին, վախենում է իր մեջքի հետևում ռուս-թուրքական հնարավոր պայմանավորվածութուններից. Արևմուտքը կհարկադրի մոսկվային Անդրկովկասը լքելու դեպքում այն հանձնել թուրքերին, մինչդեռ Իրանը, աջակցելով Մոսկվային պատերազմում, հույս ունի ստանալ նրա աջակցությունը նաև Կովկասում, իսկ եթե բանը հասնի ռուսների՝ տարածաշրջանը լքելուն, ապա ապա Իրանը ցանկանում է, որպեսզի այն հանձնվի իրեն, այլ ոչ թե թուրքերին:

Բայց արի ու տես, որ կրեմլյան աշտարակները ինչպես սեփական երկրի, այնպես էլ նույն Կովկասի ապագայի ու ճակատագրի հարցում չունեն միասնական մոտեցում. մի կլանի համար բարեկամը Թուրքիան ու Ադրբեջանն են՝ անկախ ամեն ինչից, մյուսի համար Իրանն ու Հայաստանն ավելի նախընտրելի են համարվում: Ահա հենց սրա հետևանքով է նաև, որ Նիկոլին հաջողվեց 2018-ին իշխանություն վերցնել ու Արցախը Ղարաբաղի տնտեսական գոտու վերածել, որտեղ, ինչպես թուրքերն են սիրում շեշտել, ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել