Armenpress.am-ը գրում է.

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հունիսի 29-30-ը կանցկացնի Գլխավոր խորհրդաժողովի արտահերթ նստաշրջան՝ քննարկելու կազմակերպության կազմ ԱՄՆ-ի վերադարձի պայմանները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում։

Ինչպես պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է  համաշխարհային կազմակերպության քարտուղարությունը,  «Գլխավոր խորհրդաժողովի նստաշրջանը, որը միավորում է 193 երկրներ, հրավիրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի կողմից՝ կազմակերպության կանոնադրության համաձայն, մասնակից երկրների մեկ երրորդի պահանջով»։

«Նիստի ընթացքում պետությունները պետք է արտահայտեն իրենց վերաբերմունքը հուլիսին կազմակերպություն վերադառնալու ԱՄՆ-ի մտադրության վերաբերյալ` կոնկրետ ֆինանսական առաջարկությունների հիման վրա», - նշել են քարտուղարությունում։

ԱՄՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ից հեռացել է 2018 թ.-ին: Ընդ որում,  Վաշինգտոնը վճարումներ չի կատարում 2011 թվականից։ Երկիրը հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմանը մասնակցելուց այն բանից հետո, երբ Պաղեստինը լիիրավ անդամի իրավունքներով ընդունվեց կազմակերպության շարքերը։ Այժմ ԱՄՆ-ի պարտքը կազմակերպությանը կազմում է 612 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել