168.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետարանն այսօր Կասկադի հատվածում 40-ից ավելի հաստաբուն ծառեր է կտրել, ինչը քաղաքացիների մոտ դժգոհություն և զայրույթ է առաջացրել:

Բազմաթիվ քաղաքացիներ սոցիալական ցանցերում լուսանկարներ և տեսանյութեր են տեղադրում, գրառումներ կատարում, քննադատում քաղաքային իշխանությանը՝ բողբոջած հաստաբուն ծառերը կտրելու համար:

«Կասկադում հիմա լայնամասշտաբ ծառահատում ա: Հաստաբուն բողբոջած ծառերը քոքից ոչնչացնում են: Երևի դպրոցում չեն սովորել, որ թթվածինը ծառերն են արտադրում: Փոխանակ նորը տնկեն, այգիներ սարքեն, սենց են «բարեփոխում»: Երևանի քաղաքապետարան պարա՞պ եք»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքացիների դժգոհությունը հիմնականում հրահրված է և ունի քաղաքական ենթատեքստ:

Նրա խոսքով՝ իրականում կատարվում է կենսունակությունը կորցրած կամ կենսունակության ավարտին մոտ գտնվող կամ խիստ դեֆորմացված՝ սաղարտ չձևավորող ծառերի փոխարինումը՝ նոր, ավելի գեղատեսիլ և ֆունկցիոնալ ծառատեսակներով:

«Երևանում 1 շնչին բաժին ընկնող կանաչ ֆոնդն առանց այն էլ քիչ է, և դրանց մի մասը զբաղեցրած են կենսունակություն կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող ծառատեսակներով:

Այս գործընթացը պետք է վաղուց սկսվեր, եթե մենք այս գործընթացն այսօր չսկսենք, տարիներ հետո կունենաք կիսաանապատային կամ անապատային Երևան»,- ասաց Արմեն Բեգոյանը:

Հարցին՝ հաշվարկներ ուեն՞ք, քանի՞ ծառ կա մայրաքաղաքում, որոնք պետք է փոխարինվեն նորերով, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը պատասխանեց.

«Խնդիրը կտևի մոտ 10 տարի, եթե ամեն տարի մոտ 2000-3000 ծառ փոխարինվեն, ապա մոտ 10 տարի կտևի: Ելնելով Երևանի օդի ոչ բարվոք վիճակից՝ տեղադրում ենք ոչ թե շվեր, որոնք 10 տարի հետո նոր պետք է ծառ դառնան՝ նոր կատարեն իրենց ֆունկցիան, այլ խնդիրն այնքան հրատապ է, որ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 10 և ավելի տարեկան ծառեր, որպեսզի հենց փոխարինման պահից, տնկման պահից արդեն ծառը սկսի կատարել իր ֆունկցիան: Այսօր հատվում են 1949 թվականին տնկված ծառերը, որոնց կյանքը քաղաքային պայմաններում կրճատվում է մոտ 50 տոկոսով… Կոնկրետ այսօր հատվում են Կասկադի հարակից տարածքի ծառերը, եթե չեմ սխալվում՝ 42 ծառ: Այսինքն՝ 40-ից ավելի ծառ փոխարինվում է ավելի արժեքավոր, 10 տարեկան ծառերով: Ծառերի ընտրությունը մենք կատարել ենք հետևյալ կերպ. կոնկրետ Մոսկովյան փողոցում՝ Կասկադի դիմացի հատվածում, հաշվի առնելով, որ Թամանյանը գծել է վարդագույն քաղաք, և այնտեղ իր արձանն է տեղադրված, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մոսկովյան փողոցի դեպի Սարյան գնացող հատվածում առկա է Սակուրա տեսակի ծառեր, որոշվել է այդ փողոցը լրացնել Սակուրա տեսակի գեղազարդ ծառատեսակներով:

Սայաթ-Նովա պողոտայում իրենց կենսունակությունն արդեն կորցրած ծառերը փոխարիվելու են սոսի ծառատեսակներով: Եթե Մոսկովյան փողոցում հիմնական շեշտը դրված է նաև գեղազարդության վրա, ապա Սայաթ-Նովա պողոտայի պարագայում, քանի որ պողոտան ավելի լայն է, շեշտը դրված է ֆունկցիոնալության վրա: Սայաթ-Նովա պողոտայում մոտ 50 ծառ է փոխարինվելու: Այնուհետև Կառավարության շենքի հարակից տարածքի ծառերը, ունենք ծրագրեր նաև տարբեր վարչական շրջաններում»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ միայն այս տարի մայրաքաղաքում քանի՞ ծառ կփոխարինվի նոր ծառերով, Արմեն Բեգոյանը պատասխանեց.

«Նախատեսել ենք փոխարինել շուրջ 500 ծառ, սակայն ունենք փողոցներ, որտեղ ծառեր չկան, և նախատեսել ենք ստեղծել ծառապատ փողոցներ՝ այդտեղ օգտագործելով ևս մոտ 500 ծառ: Ծառերը՝ կախված իրենց տեսակներից, տատանվում են 50.000-ից մինչև 90.000 դրամի սահմաններում»:

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը, անդրադառնալով հաստաբուն ծառերը կտրելուն ուղղված քաղաքացիների քննադատություններին, ասաց, որ նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանում այդ հարցի շուրջ հրավիրվել է գիտական աշխատաժողով.

«Հրավիրվել են ոլորտի բոլոր ինստիտուտների ամենաբարձր գիտնականները, Ազգային ակադեմիայի թղթակից անդամներ, դոկտորներ, պրոֆեսորներ, և բոլորը միաձայն ընդունել են արձանագրություն, որ Երևանում օր առաջ պետք է սկսել կենսունակությունը կորցրած կամ ավարտին մոտ գտնվող կամ խիստ դեֆորմացված ծառերի փոխարինումը նոր ծառատեսակներով: Այս գիտնականներից ավելի թող ոչ ոք իրեն գիտնականի տեղ չդնի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել