168.am-ը գրում է․

Հայաստանի պետական պարտքն անցել է 8 մլրդ 650 միլիոն դոլարից՝ գերազանցելով ՀՀ «Պետական պարտքի մասին օրենքով» նախատեսված առավելագույն 60 տոկոս շեմը:

Կառավարությունում նախատեսում են իրականացնել հարկաբյուջետային միջոցառումներ՝ մինչ 2026 թվականը պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 60 տոկոսից նվազեցնելու ուղղությամբ:

Պարտք/ՀՆԱ այս հարաբերակցության ռիսկայնությունն ու հնարավոր տնտեսական հետևանքները հասարակական, քաղաքական ու մասնագիտական քննարկումների ծիրում են։ ՀՀ ֆինանսների նախարարի նախկին առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի գնահատմամբ, սակայն, այդ քննարկումները ոչ միշտ են բուն խնդրին առնչվում, քանի որ քննարկումների առարկա են դառնում հետևանքները, և ոչ թե՝ պատճառները։

«Պետական աճող պարտքը մի դեպքում կարելի է դիտարկել՝ որպես պետական կառավարման բնագավառում ֆինանսական ռիսկերի առաջացման հնարավոր պատճառ, մյուս կողմից, սակայն, այն մեծամասամբ պետության կողմից վարվող եկամտային և ծախսային քաղաքականության հետևանք է: Այս տեսանկյունից պետական ֆինանսների կառավարման բնագավառում, գործնական առումով, առավել արդյունավետ են այն քննարկումները, որոնք անդրադառնում են նախ և առաջ պետական աճող պարտքը պայմանավորող պատճառներին՝ պետության կողմից վարվող եկամտային և համալիր (այլ ոչ թե մասնակի) ծախսային քաղաքականություններին: Իմ տպավորությամբ՝ այսօր քննարկումները մեծամասամբ պետական պարտքի՝ որպես հետևանքի շուրջ են: ՀՆԱ-ի նկատմամբ, թեկուզ օրենքի մակարդակով, արձանագրել պետական պարտքի որոշակի մակարդակ և դրանով գնահատել պետական կառավարման որակը, իմ կարծիքով, խիստ պարզունակ մոտեցում է»,- 168.am-ի հետ զրույցում նկատեց Պավել Սաֆարյանը։

Նա նաև հավելեց, որ դրությունը շատ չեն փոխում նաև գործող կարգավորումները՝ կապված մի կողմից՝ պետական պարտքի, մյուս կողմից՝ հարկերի և ընթացիկ ծախսերի հարաբերակցության սահմանափակումների հետ. «Նախ՝ ինչպես ցույց տվեց ժամանակը, դրանք հաճախ պրակտիկորեն անիրագործելի են: Բացի այդ՝ որպես քանակական ցուցանիշներ՝ խիստ մասնակիորեն են բնութագրում պետության կողմից վարվող եկամտային և ծախսային քաղաքականության որակը: Մինչդեռ, ինչպես արդեն նշեցինք, պետական պարտքի արդյունավետ կառավարումը նախ և առաջ ենթադրում է բյուջետային ծախսային և եկամտային բնագավառներում համալիր համապատասխան միջոցառումների իրականացում»:

Պավել Սաֆարյանին խնդրեցինք գնահատել գործող կառավարության ծախսային և եկամտային քաղաքականությունը, ինչին ի պատասխան՝ նա նշեց․ «Ծախսային քաղաքականությունը գործող իրավական դաշտում փոփոխության առումով շատ ճկուն չէ. գործադիր մարմնի հնարավորություններն այդ բնագավառում չեն գերազանցում պետական բյուջեի ամբողջ ծախսերի 10 տոկոսը: Եվ պատահական չէ, որ հենց այդ 10 տոկոսի շրջանակներում կառավարության կողմից կայացված որոշումների զգալի մասը ենթարկվում է քննադատության:

Քննադատության պատճառները տարբեր են. մի դեպքում, ինչպես, օրինակ, պարգևավճարների (միգուցե հավելավճարների) տրամադրման և պարեկային ծառայության աշխատավարձերի բարձրացման հարցերում տրված հիմնավորումները խոցելի են, մյուս դեպքերում՝ վերջին տարիներին պետության ծախսային քաղաքականության բնագավառում նկատվում է թափանցիկության և հրապարակայնության նվազում:

Ինչ վերաբերում է պետության կողմից վարվող եկամտային քաղաքականության հարցերին, ապա դրանց՝ թեկուզ, ինչպես ծախսային քաղաքականության դեպքում, համառոտ, կանդրադառնանք այլ առիթով»:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ առկա տնտեսական քաղաքականության հետևանքով առաջիկայում մեր պետությունը կանգնի պարտքը սպասարկել չկարողանալու խնդրի առջև, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Այդ հարցին սովորաբար պատասխանում են՝ ելնելով պետության առկա ֆինանսական ծրագրերից: Հայաստանի Հանրապետության 2021-2023թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի համաձայն՝ առաջիկա երեք տարիներին, եթե այլ անկանխատեսելի (այդ թվում՝ շարունակական պետական անարդյունավետ կառավարման), գնահատման ոչ ենթակա բացասական իրողություններ տեղի չունենան, մեզ նման վտանգ չի սպառնում: Ծայրահեղ դեպքերում՝ պետություններն իրենց տրամադրության տակ ունեն բավականին կոնկրետ գործիքակազմ՝ էմիսիա, պարտքի վերակառուցում և այլն, նման տխուր հեռանկարից խուսափելու համար:

Սակայն պարտքի աճող դինամիկան պետք է անհանգստացնի կառավարությանը, և դրա լուծումները, ինչպես արդեն նշեցինք, պետք է փնտրել ոչ թե միակողմանի փորձագիտական դիտարկումների, այլ հիմնականում՝ պարտքի աճը պայմանավորող եկամտային և ծախսային պետական քաղաքականության համալիր վերլուծությունների դաշտում»։

Իսկ թե վերջին տասնամյակներում հիշո՞ւմ է նման տարի, երբ մեր պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հատել է 60 տոկոսի շեմը՝ մեր հարցին ի պատասխան էլ՝ Պավել Սաֆարյանն ասաց․

«Անկախ Հայաստանում չի եղել դեպք, որ տարեկան կտրվածքով պետական պարտքը գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը»։

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանի կարծիքով, 63 տոկոսը չի վկայում կոնկրետ ռիսկերի մասին, առավել կարևոր է դիտարկել, թե ինչի վրա է ծախսվում այդ պարտքը և ինչքան է սպասարկման վճարը:

«Բյուջետային կանոն ունեն, որը ցույց է տալիս՝ պարտքն ինչի վրա պետք է ծախսես, ինչ պետք է անես, որ պարտքը չավելացնես:

Եթե երկիրը կարողանա սպասարկել, 63 տոկոսը շատ սարսափելի չէ (խնդիր է լինում, երբ այնքան պետք է փող տաս այդ պարտքի սպասարկմանը, որ սովորական ծախսերդ չկարողանաս անել)»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Եղիազարյանը:

Հարցին՝ հաշվի առնելով գործող իշխանությունների երեք տարիների վարած քաղաքականությունը՝ արդյոք այս կառավարությունը կկարողանա՞ սպասարկել պետական պարտքը, նա պատասխանեց. «Տնտեսության աճ կարող է լինել ցանկացած իշխանության պարագայում՝ նույնիսկ այսպիսի: Այնպես որ, իրենցից շատ բան կախված չէ, սակայն, եթե շատ սխալ քաղաքականություն վարեն, լավ չի լինի։ Արդեն նշաններ կան՝ ընտրությունների հաշվով հայտարարում են աշխատավարձերի բարձրացում, ծախսերի ավելացում, որն այս պայմաններում պետք չի անել»:

Տնտեսագետը շեշտեց՝ երբ արտաքին պարտքը տրամադրվում է ընթացիկ ծախսերին, սպասարկման ռիսկը մեծանում է. «Ընթացիկ ծախսը, իհարկե, տնտեսության վրա ազդում է դրական կողմով, բայց չի ավելացնում տնտեսության ծավալները: Եթե նույն ծախսն ես պահում ու վարկի հաշվին անում ես, տնտեսության ծավալները չի ավելացնում, տնտեսական աճի չի բերում, այլ բերում է կայունացման, որովհետև մարդիկ պահանջարկ են ներկայացնում: Ուրեմն՝ մյուս տարի էլ պետք է պարտք վերցնենք: Եթե տնտեսական աճ չլինի, պարտքային ճնշումը կավելանա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել