Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից և դառնալ աշխարհի առաջին տնտեսությունը 2028 թվականին` սպասվածից 5 տարի շուտ, հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով Տնտեսական և բիզնեսի հետազոտությունների ամերիկյան կենտրոնի (CEBR) հետազոտությունը: Դա պայմանավորված է նրանով, որ Չինաստանը արագ վերականգնվել է կորոնավիրուսային համաճարակի հետևանքներից:

Վերլուծաբանների կարծիքով մինչ 2028 թվականը Չինաստանը կդառնա աշխարհում ամենամեծ երկիրը ՀՆԱ-ի ցուցանիշով: Մեկ տարի առաջ CEBR-ը կանխատեսում էր, որ Չինաստանը 2033 թվականին կգերազանցի ԱՄՆ-ին: Բացի այդ, ըստ նորացված կանխատեսման, Չինաստանը մինչ 2023 թվականը կարող է դառնալ բարձր եկամուտ ունեցող երկիր:

Նոյեմբերին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել էր, որ երկրի տնտեսությունը «կարող է» կրկնապատկվել մինչև 2035 թվականը: Դրան կնպաստի կառավարության նոր հնգամյա ծրագիրը, որի նպատակն է 15 տարում հասնել «ժամանակակից սոցիալիզմի»:

Ըստ CEBR-ի կանխատեսման՝ տասնամյակի ավարտին Հնդկաստանը ԱՄՆ-ի և Չինաստանի հետ կդառնա լավագույն երեք տնտեսություններից մեկը:

Համաշխարհային բանկի տվյալներով 2019 թվականին ԱՄՆ ՀՆԱ-ն կազմել է մոտ 21,4 տրիլիոն դոլար, իսկ Չինաստանինը՝ մոտ 14,3 տրիլիոն դոլար: Անցյալ տարի Հնդկաստանը ՀՆԱ-ի ցուցանիշով հինգերորդն էր՝ 2,8 տրիլիոն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել