Թեհրանում Թուրքիայի դեսպանը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ է կանչվել, այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթեբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Թուրք դեսպանին հայտնել են, որ տարածքային հավակնությունների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ ավարտվել է»,- նշել է նա։

Խաթեբզադեի խոսքով՝ «ընդգծվել է, որ Իրանը ոչ մեկին թույլ չի տա խախտել իր տարածքային ամբողջականությունը»։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին Էրդողանը, Բաքվի զորահանդեսի ժամանակ իր ելույթում, մեջբերել է ադրբեջանցի բանաստեղծ Բախթիյար Վահաբզադեի խոսքերը, որն ասել է․ «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին, ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել»։ Նման ձևով Էրդողանն ակնարկել է այն մասին, որ Ադրբեջանի տարածքները նվաճված են։ 

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում գրառում էր կատարել՝ ի պատասխան Բաքվում երեկ կայացած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին։

Նա, մասնավորապես, նշել էր․«Նախագահ Էրդողանին չե՞ն հայտնել, որ Բաքվում նրա թերի մեջբերածը, վերաբերում է Արաքսից հյուսիս ընկած՝ մայր Իրանի տարածքների բռնազավթմանը։ Նա չի՞ գիտակցել, որ խաթարում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին (նկատի ունի Իրանի Ադրբեջան նահանգը՝ երկրի հյուսիսային հատվածները, որտեղ բնակվում են բնիկ ադրբեջանցիներ)»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել