Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև բազմաթիվ քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Առկա են նաև քաղաքացիական զոհեր ու վնասներ:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումը: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել Արցախի Հանրապետության հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել