1965 թ. 27-ամյա Անգուս Բարբիերին գնաց Շոտլանդիայի Մերիֆիլդի հիվանդանոց՝ ավելորդ քաշին առնչվող գանգատով. այդ պահին նա կշռում էր 207 կգ: Հանուն քաշ կորցնելու՝ երիտասարդ տղան որոշել էր հրաժարվել ուտելիքից, սակայն մի պայմանով. նա պետք է լիներ բժիշկների հսկողության տակ: Ահա թե ինչպես Անգուսին հաջողվեց երկար ապրել առանց սննդի:
Ի սկզբանե Բարբիերին նախատեսում էր քաղցած մնալ միայն 40 օր: Սակայն նրա օրգանիզմն այնքան լավ ընդունեց սննդից հրաժարումը, որ երիտասարդը որոշեց շարունակել իր փորձը՝ կատարյալ քաշի հասնելու համար:

Անգուսի առօրյա սննդակարգը ներառում էր ջուր, սուրճ և հանքային ջուր: Բացի դրանցից՝ նա ընդունում էր նաև վիտամինային հավելումներ և խմորիչ: 92-րդ օրվանից հետո բժիշկները նրան կալիումի հաբեր նշանակեցին, իսկ 345-րդ օրը՝ աղ:
Զարմանալի է, սակայն միակ փոփոխությունը, որ նկատել էին բժիշկները, տղայի արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազումն էր: Արտասովոր էր, որ այլ ոչ մի խանգարում կամ հիվանդություն նա ձեռք չէր բերել:

Երիտասարդ տղան իրեն այնքան լավ էր զգում, որ բժիշկները համաձայնեցին նան տուն ուղարկել, այդ իսկ պատճառով Բարբիերին հազվադեպ էր գնում հիվանդանոց՝ անհրաժեշտ հետազոտություններն անցնելու:
382 օրում նա նիհարեց 125 կգ: Փորձի ավարտին նրա քաշը կազմում էր 82 կգ: Ավելին՝ Անգուսին հաջողվեց մինչև կյանքի վերջին օրը հնարավորին պահպանել նոր քաշը: Հետագա 24 տարիներին նա հավաքեց ընդամենը 7 կգ:
Անգուսի անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկար ժամանակ քաղցած մնացած մարդու անուն:



