ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ ռեկորդային գնով վաճառվել է «Տիտանիկ» նավի ուղևորուհիներից մեկի ձեռնափայտը: Դա շոգենավում գտնվող այն իրերից մեկն է եղել, որը համաշխարհային ճանաչում է ստացել: Հենց շնորհիվ այդ ձեռնափայտի էլ փրկվել է 28 մարդ:
Ձեռնափայտի սեփականտերը Էլլա Ուայթն է եղել: Նա հարուստ կին էր և ճանապարհորդում էր ընկերուհիների հետ: Կանայք որոշել էին տուն վերադառնալ «Տիտանիկ» նավով և առաջին դասի թանկարժեք տոմսեր էին գնել: Էլլան նավ նստելուց առաջ վնասել էր ոտքը և գնել հասարակ ձեռնափայտ, որը զարդարված էր ներկառուցված մարտկոցով և լապտերով: Բարեբախտաբար, ոտքի ցավը շատ արագ անցավ, սակայն տիկին Ուայթին ձեռնափայտը շատ էր դուր եկել, և նա որոշել էր այն միշտ իր մոտ պահել: Արդյունքում այդ իրը փրկեց նրա ու մի շարք այլ մարդկանց կյանքեր:
Վթարից հետո Էլլային և ընկերուհիներին հաջողվեց հայտնվել փրկամակույկներից մեկի վրա: Նրանց մակույկը համարով ութերորդն էր: Երբ նավն ամբողջովին անցավ ջրի տակ, փրկամակույկները հայտնվեցին լիարժեք խավարի մեջ:

Մթի պատճառով առաջ լողալն անհնար էր: Տղամարդիկ, որոնք վարում էին մակույկները, պարզապես չէին հասկանում՝ որ ուղղությամբ գնալ, և հարվածում էին ջրի մեջ գտնվող փրկվածներին: Լապտերներն այնքան թույլ էին վառվում, որ անհնար էր դրանց օգնությամբ նայել անգամ դիմացում նստած մարդու դեմքին:
Եվ հենց այդ ժամանակ էլ Էլլա Ուայթը հիշեց իր ժամանակակից ձեռնափայտի մասին, հանեց այն և սկսեց լուսավորել փրկամակույկի ճանապարհը: Մյուս փրկամակույկները սկսեցին շարժվել նրանց հետևից՝ հետևելով լույսին: Փոքրիկ լուսավորումն օգնեց նաև «Կարպատիա» նավին, որը եկել էր օգնության՝ փրկվածների հետևից: Բացի Էլլայից՝ փրկամակույկի վա կար ևս 28 մարդ, որոնք բոլորը կարողացան փրկվել, ինչպես նաև փրկվեցին հետևից ընթացքող մի քանի մակույկներում գտնվող մարդիկ: Կինը երիտասարդ չէր, սակայն բավականին հնարամիտ գտնվեց և շատ կյանքեր փրկեց:

Հետագայում ձեռնափայտը աճուրդում վաճառելու համար բավականին բարձր գին էին ընտրել՝ 500,000 դոլար: Սակայն այն վաճառվեց 62,500 դոլարով, ինչը ևս վատ գին չէ հետաքրքիր պատմություն ունեցող նման հասարակ իրի համար:
Աճուրդը մի քանի անգամ հետաձգվել է Էլլայի հարազատների միջև եղած վեճերի պատճառով: Նրանք չէին կարողանում իրը «բաժանել» իրենց մեջ և որոշել դրա պատկանելությունը: Աճուրդի ժամանակ ձեռնափայտը գնող անձի անունը չի բացահայտվում, և մնում է հուսալ, որ պատմական իրը հոգատար ձեռքերում է հայտնվել:



