Եթովպիայի և Քենիայի տարածքներում են բնակվում տուրկանա ցեղի ներկայացուցիչները : Նրանք ունեն իրենց ավանդույթները, սովորույթներն ու հավատքը : Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նրանց հարսանեկան սովորույթը. արգելվում է ամուսնանալ, քանի դեռ երեխան չի արել իր առաջին քայլը : Նաև կարևոր է ամուսնական կապ ստեղծելու համար ստանալ ավագի թույլտվությունը :
Տուրկանա ցեղն ապրում է հիմնականում Քենիայում գտնվող Տուրկանա լճի ափին : Մարդիկ այստեղ զբաղվում են անասնապահությամբ : Հետաքրքրական է, որ ցեղը պարբերաբար փոխում է բնակավայրը՝ անվտանգության նկատառումներից ելնելով : Չնայած այն բանին, որ ցեղի անդամները բավականին խաղաղ ու մարդասեր են, նրանք ստիպված են լինում թաքնվել, քանի որ հարևան ցեղերն ագրեսիվ են : Այդ իսկ պատճառով տուրկանայի անդամները նախընտրում են նրանցից հեռու մնալ :
Կա առանձին տարածք, որտեղ բնակվում են բացառապես ձկնորսները, և նրանց, չգիտես ինչու, համարում են վտարանդիներ : Նախկինում արգելվում էր ձուկ ուտել, և այսօր ցեղում կարծում են, որ իրենց ուժով և եռանդով կարող են ապահովել միայն ցամաքային կենդանիներն ու նրանց արյունը :

Ցեղի ներկայացուցիչներն ապրում են փոքր խմբերով, իրարից առանձնանում են պարիսպներով՝ պատրաստված եղեգնից : Հյուղակները հյուսում են կանայք և այնտեղ բնակվում երեխաների հետ միասին : Տղամարդիկ գիշերն անցկացնում են բաց երկնքի տակ :
Տուրկանա ցեղի անդամները շատ են սիրում զարդարվել : Աղջիկներն ուսերին բազմաթիվ զարդարանքներ են կրում, իսկ գլխի վարսերն ամբողջությամբ սափրում : Միայն մարտիկ-տղամարդիկ են հետաքրքիր սանրվածքներ անում : Ցեղի առաջնորդն ավագն է, որի ներկայությամբ են քննարկվում բոլոր հարցերը՝ կապված մարդկանց կյանքի հետ, ամուսնությունների կայացման հետ :

Տուրկանա ցեղն ունի իր յուրօրինակ ավանդույթներն ու սովորույթները : Եթե զուգը հանդիպում է և որոշում ամուսնանալ, ապա նրանք պետք է սկզբում երեխա ունենան, ապա սպասեն, մինչև փոքրիկն անի իր առաջին քայլը : Միայն այդ ժամանակ նրանք կարող են պատրաստվել հարսանեկան արարողությանը : Պարտադիր է ցեղի մյուս անդամներին ցույց տալը, թե ինչպես է երեխան քայլում, որպեսզի չխախտվի ավանդույթը :
Ամուսնությունից առաջ փեսան պարտավոր է վճարել հարսի դիմաց մի քանի գլուխ անասունով : Պարտադիր կերպով նաև զոհաբերվում է ցուլ, որպեսզի ապագա ընտանիքը լինի երջանիկ, ապրի խաղաղությամբ և հարստությամբ : Կենդանու արյունը լցնում են բաժակի մեջ, որից պետք է խմեն հարսի ու փեսայի բոլոր հարազատները :



