Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել Լիբիայում իրավիճակի կարգավորման համար։  Այս մասին ասված է Անկարայում կայացած խորհրդակցությունների արդյունքում երկու երկրների տարածած համատեղ հայտարարության մեջ, գրում է Associated Press-ը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ խորհրդակցությունների արդյունքում կողմերը որոշել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբը, որը կզբաղվի լիբիական կոնֆլիկտի հարցով։

Կողմերը նաև հաստատել են Լիբիայի ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը՝ նշելով ահաբեկիչների և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի անհրաժեշտությունը:

«Վերահաստատում ենք երկրում անվտանգության և կայունության հասնելու, ինչպես նաև հումանիտար իրադրության բարելավման նպատակով երկկողմ փոխգործակցությունը շարունակելու մտադրությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Կողմերը նաև նշել են, որ լիբիական հարցը չի կարող ունենալ ռազմական լուծում, այլ պետք է կարգավորվի միայն լիբիացիների կողմից քաղաքական գործընթացներով, որոնց աջակցում է ՄԱԿ-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել