Բոլորին հայտնի է, որ մրջյունները յուրօրինակ միջատներ են: Նրանք սոցիալիզացված են, մշտապես գործում են միասին և ունակ են անհավատալի ծավալի աշխատանք կատարելու: Զարմանալի է, սակայն այս ամենը նրանց հնարավորությունների միայն փոքր մասն են կազմում: Մրջյունների որոշ տեսակներ այնպիսի «հնարքներ» են կատարում, որոնք ապշեցնում են մարդկանց:

Ստրկավաճառ մրջյուններ

Մրջյունների այս տեսակի ներկայացուցիչները կազմակերպված հարձակումներ են գործում այլ տեսակների վրա՝ նպատակ ունենալով վերջիններիս ստրկացնելու: Նրանք սպանում են գաղութների անդամներին, «գերի վերցնում» երիտասարդ մրջյուններին: Գերի ընկածներն իրենց գոյության ողջ ընթացքում սնունդ են հավաքում իրենց տերերի համար, խնամում նրանց:

Հողագործ մրջյուններ

Այս մրջյուններն իրենց կյանքի ողջ ընթացքում բույսերից տերևներ են պոկում: Պարադոքսալ է, սակայն մրջյունների այս տեսակի ներկայացուցիչները չեն սնվում իրենց հավաքած բուսականությամբ, քանի որ նրանց օրգանիզմն ունակ չէ դրանք մարսելու: Այդ դեպքում ինչո՞ւ են տերևներ պոկում: Պատասխանը կզարմացնի բոլորին. քանի որ այս միջատները հողագործներ են, որոնք աճեցնում են սնկեր, իսկ տերևների կտորներն օգտագործում են որպես պարարտանյութ: Սունկն աճում է և սնունդ դառնում մրջյունների գաղութի համար:

Մեղրագործ մրջյուններ

Անհավատալի է թվում, բայց այս մրջյունները մեղուների նման կարողանում են մեղր պատրաստել: Հարկ է նշել, որ ստացված մեղրի պահպանման եղանակը յուրահատուկ է, քանի որ որպես տարա համար մրջյունները օգտագործում են սեփական որովայնները: Երբ գաղութի մյուս անդամները քաղց են զգում, այս մրջյունները նրանց համար մեղր են դուրս ծորում: Մեքսիկայում մեղրագործ մրջյուններին բազմացնում են հատուկ ֆերմաներում:

Կրակե մրջյուններ

Հեղեղների ժամանակ մրջյունների այս տեսակի ներկայացուցիչները մարմիններով կիպ միանում են իրար՝ «կենդանի տապան» ստեղծելով: Այդ խումբը ամիսներ շարունակ կարող է լողալ ջրի վրայով: Ընթացքում մրջյունների մի մասին ուտում են ձկները կամ թռչունները, մյուսները խեղդվում են, սակայն ամենից կարևոր է թագուհու ողջ մնալը: Երբ մրջյունների խումբը հանդիպում է ինչ-որ մի օբյեկտի, միջատները կանգ են առնում դրա վրա և նոր կյանք հիմնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել