Դանիացի և ամերիկացի գիտնականներից կազմված խումբը եկել է եզրակահանգման, որ 4,6 միլիոն տարի անց մարդկանց Y քրոմոսոմը կարող է ամբողջությամբ անհետանալ: Բանն այն է, որ այն շատ արագ է դեգրադացվում: Այսօր կանայք ունեն երկու նորմալ X քրոմոսոմ, իսկ տղամարդիկ՝ մեկ X քրոմոսոմ և մեկ կծկված Y քրոմոսոմ:
Ի սկզբանե X և Y քրոմոսոմներն ունեցել են նույն չափսերը և պարունակել են նույն գեները: Y քրոմոսոմի «թերությունն» այն է, որ այն գոյություն ունի միայն մի կրկնօրինակման տեսքով, որը հորից փոխանցվում է որդուն: Դա նշանակում է, որ դրանում գեները չեն կարող ենթարկվել գենետիկական վերակոմբինացիայի, որն օգնում է ազատվել բացասական մուտացիաներից: Հենց այս երևույթն էլ հանգեցնում է դեգրադացիայի, իսկ հետագայում հնարավոր է նաև՝ քրոմոսոմի վերացման:

Իհարկե, Y քրոմոսոմը մշակում է մի քանի մեխանիզմ այդ պրոցեսը դանդաղեցնելու համար: Օրինակ՝ այն կարող է կառուցվածքային ճշգրտումներ կատարել և նոր գեների մի քանի այլ կրկնօրինակներ ստանալ՝ նորմալ գործունեություն իրականացնելու համար:
Որոշ գիտնականներ կարծում են, որ հենց դա էլ կօգնի Y քրոմոսոմին ամբողջապես չանհետանալ: Սակայն վերջերս կատարված վերոնշյալ ուսումնասիրության հեղինակները վստահ են, որ ոչ մի մեխանիզմ անհետացումից չի փրկի: Այս վեճը գիտական աշխարհում գոյություն ունի դեռ վաղուց:

Միաժամանակ գիտնականները նշում են, որ Y քրոմոսոմի վերացումը չի նշանակում, որ տղամարդիկ դրա հետ միասին կանհետանան: Բանն այն է, որ այս երևույթն արդեն տեղի է ունեցել կրծողների մի քանի տեսակների մոտ: Ուսումնասիրությունը շարունակում են գիտնականները և խոստանում են դրա վերաբերյալ այլ մանրամասներ ևս ներկայացնել:



