Սարկը նորմանդական կղզի է, որ հայտնի է իր բազմաթիվ տեսարժան վայրերով: Այստեղ է գտնվում աշխարհի ամենափոքր բանտը, որն առ այսօր գործում է:

Նայելով կառույցին՝ կարելի է մտածել, որ այն գյուղական հասարակ շինություն է: Սակայն դա բոլորովին էլ այդպես չէ: Այս քարե կառույցը՝ տակառի նմանվող տանիքով՝ կառուցված 1856թ., բաղկացած է ընդամենը երկու բանտախցից և միջանցքից: Բանտախցերից մեկը 2 քմ տարածք է զբաղեցնում, իսկ մյուսը՝ մի փոքր ավելի՝ 5 քմ: Շինությունը պատուհաններ չունի:

Սարկի առաջին բանտարկյալը երիտասարդ աղախին էր, ում բանտարկել էին երեք օրով իր վարձակալի գրպանի թաշկինակը գողանալու համար: Աղջկան թույլատրված էր բացել բանտախցի դուռը, քանի որ նա վախենում էր մթությունից: Բանտապահի փոխարեն նրա հետ էին իր ընկերուհիները, ովքեր խոսեցին և զբաղվեցին աղջկա հետ մինչև նրա ազատ արձակվելը:

Կղզու անվտանգությունից ելնելով՝ Սարկում այսօր կան մի քանի ոստիկաններ, ովքեր անգամ գումար չեն ստանում աշխատանքի համար. նրանք դա անում են ինքնակամ: Բանտը դեռևս գործում է, սակայն դրա հիմնական բնակիչները լինում են հարբած աշխատողներ և զբոսաշրջիկներ, ովքեր մինչև սթափվելը գիշերն անցկացնում են բանտում:

Ի դեպ, այս կղզում արգելված է երթևեկությունը՝ բացառությամբ գյուղատնտեսական մեքենաների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել