168.am-ը գրում է.

Հունվարի 25-ին Կապանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարեց, որ Հրայր Թովմասյանն իշխանափոխությունից հետո բազմիցս փորձել է իր ծառայությունները մատուցել վարչապետին, սակայն վերջինս հրաժարվել է։ Ի պատասխան վարչապետի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն տարածեց և 20 օր ժամանակ տվեց վարչապետին՝ իր ասածները հիմնավորող որևէ փաստ հրապարակելու, ինչը չանելու դեպքում իր փաստաբանները պատրաստ են հայց ներկայացնել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Հ. Թովմասյանի այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ Երևան հասնելուն պես կհրապարակի իր հայտարարության հետ կապված փաստեր։ Այնուհետև հրապարակեց խոստացածը՝ Հրայր Թովմասյանի գրիչը՝ գրելով. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե՞ ոչ:  Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն: Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած:

Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր:

Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձևերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչև հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. Բացառապես «ջան»-երով»։

Իր հաջորդ գրառման մեջ էլ վարչապետ Փաշինյանն անդրադարձել էր գրիչի արժեքին: «Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջևանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։

Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարևոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց»,- գրել էր վարչապետը։

168.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ «գրիչի պատմությունը» իրավական գործընթաց չէ, այն քաղաքական հարց է։

«Սա գործընթաց էլ չէ, պարզապես անձնական տիրույթում ինչ-որ փոխադարձ մտքերի դիսկուրս էլ չէ։ Այս ամենը ես չեմ մեկնաբանի, կմեկնաբանեմ միայն իրավական գործընթացները։ Առերևույթ պարզ է, թե ինչի մասին է խոսքը, քննադատում են մեկը մյուսին։ Միայն մեկ բան կարող եմ ասել, որ այս ամենը հասարակությանը չի հետաքրքրում, սա իրենց խնդիրը չէ։ Սա հանրային նշանակության խնդիր չի լուծում, անձնական նշանակության խնդիր կա այստեղ»,- շեշտեց նա։

Մեջբերելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, ըստ որի՝ եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից ստացված նվերն իր արժեքով գերազանցում է 75  հազար ՀՀ դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն և հաշվառվում է որպես այդպիսին, հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները Կառավարության սահմանած կարգով պարտավոր են այն հանձնել պետությանը կամ համայնքին, Արա Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ գրիչ տալը կարո՞ղ ենք որակել որպես կաշառք Հրայր Թովմասյանի կողմից, և այն պե՞տք է վարչապետը վերադարձներ, Արա Ղազարյանը նկատեց՝ քրեաիրավական տեսանկյունից դա պետք է դիտավորություն լիներ՝ կաշառք տալ կամ կաշառք վերցնել, բայց այս ամենը իրավական գործընթաց չէ։

«Բազմիցս եմ ասել, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ կա քաղաքական անհանդուրժողականություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե պաշտոնատար անձինք ինչ կարծիքներ են նրա հասցեին մինչև այժմ հնչեցրել։ Գրիչի պատմությունը ես չեմ ցանկանում տեղավորել այդ շրջանակներում։ Ո՞ւմ հայտնի չէ, որ իշխանությունների կողմից Հրայր Թովմասյանի նկատմամբ կա անհանդուրժողականություն, պետք է կարդալ միայն նրանց հայտարությունները, և այդ ամենն առերևույթ պարզ կդառնա։ Այս ամենը իշխանությունները չեն էլ թաքցնում, որ նրան չեն հանդուրժում զուտ նրա համար, որ նա նախկին իշխանությունների ժամանակ է դարձել դատավոր, նույն անհանդուրժողականությունը կա նաև ՍԴ մյուս դատավորների հանդեպ։ Հիմա բոլոր դատավորներն էլ նախորդ իշխանությունների ժամանակ են դատավոր դարձել, հո  չե՞նք կարող վերցնել ու այդ հիմքով բոլորին փոխել»,- նկատեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել