Pastinfo.am-ը գրում է.

Սահմանադրությունը պատահական չէ, որ նախատեսել է Բարձրագույն դատական խորհրդի կազմը 10 անդամից բաղկացած լինելու պահանջը, և դա պետք է այդպես լինի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ նկատելով, որ ԲԴԽ կազմն ամողջական չէ, քանի որ 10 անդամի փոխարեն ընտրվել են միայն 8-ը։

«Ազգային ժողովը և դատավորների ընդհանուր ժողովը մեկական անդամ պետք է առաջադրվի և, ըստ էության, դա չի կատարվել։ ՀՀ նախագահը նույնպես այդ հարցով դիմել է ՍԴ-ին։ Դեկտեմբերի 6-ին ՍԴ-ն այն վարույթ է ընդունել, հետևաբար հարցը քննության առարկա է լինելու նաև ՍԴ-ում»,-նշեց Արամ Վարդևանյանը։

Վերջինս վկայակոչեց ԲԴԽ-ի ամենաաղմկահարույց որոշումներից մեկը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումը, և չբացառեց՝ եթե ԲԴԽ-ն ամբողջությամբ կազմավորված լիներ, հնարավոր է Դավիթ Գրիգորյանի լիազորությունները չկասեցվեին.

«Մեզանից ոչ ոք տեղյակ չէ, թե ինչպիսի ձայների հարաբերակցությամբ է Դավիթ Գրիգորյանի հետ կապված որոշում կայացվել։ Արդյոք հատուկ կարծիքներ եղել են, անհամաձայնություն եղել է, թե ոչ։ Եթե ԲԴԽ-ն ամբողջությամբ կազմավորված լիներ, հնարավոր չէ բացառել, որ միգուցե Դավիթ Գրիգորյանի լիազորությունները չկասեցվեին։ Նախկինում՝ նույնիսկ արդարադատության խորհրդի ժամանակ, բազմաթիվ են եղել դեպքերը, երբ դատախազությունը դատավորի նկատմամբ քրեական հետապնդման միջնորդություն է ներկայացրել, որը մերժվել է։ Ամենահայտնի դեպքերից մեկը, որը հետագայում Վճռաբեկ դատարանի նախադեպ էր դարձել, դատավոր Անահիտ Սաղաթելյանի դեպքն էր։ Արդարադատության խորհուրդը մերժել էր և լիազորությունները չէին կասեցվել։ Նույնը կարող էր լինել նաև Դավիթ Գրիգորյանի դեպքում, եթե ամբողջ կազմը համալրված լիներ»,-ընդգծեց սահմանադրագետը։

Նշենք, որ առ այսօր ընտրված է միայն ԲԴԽ 8 անդամ։ Նրանք են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը, Վիգեն Քոչարյանը, Գրիգոր Բեքմեզյանը և Մեսրոպ Մակյանը։ ԲԴԽ անդամներից հինգին ընտրում է Ազգային ժողովը, իսկ մյուս հինգին՝ դատավորների ընդհանուր ժողովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել